Չավուշօղլուն հայտարարել է, թե կարևոր է, որ ՀՀ–ն համարժեք արձագանքի Բաքվի նախաձեռնություններին

Չավուշօղլուն հայտարարել է, թե կարևոր է, որ ՀՀ–ն համարժեք արձագանքի Բաքվի նախաձեռնություններին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախկին արտգործնախարար, ներկայումս պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն, որը Բաքվում մասնակցում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի վերադարձի իրավունքի թեմայով համաժողովին, գովաբանել է Ադրբեջանի «խաղաղությանը միտված քաղաքականությունը»։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությունները գովասանքի են արժանի։ Կարևոր է, որ Հայաստանը համարժեք արձագանքի այդ նախաձեռնություններին»,–ասել է նա, գրում է APA-ն։

Նա նաև խոսել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» մասին, որի տակ հարևան երկրում հասկանում են Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը։

Նա հայտարարել է, թե այդ համայնքի գործունեությունը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին։

«Դա ավելի շատ մարդու իրավունքների հարց է, քան տարածքի։ Իսկ ՀՀ կառավարությունը մինչ օրս չի պատասխանում երկխոսության մասին կոչերին»,–ասել է Չավուշօղլուն։

Նա խոսել է նաև «Հայաստանում ոչնչացված ադրբեջանական ժառանգության մասին»՝ հայտարարելով, թե միջազգային կազմակերպությունները չպետք է անտարբեր մնան այդ հարցի նկատմամբ։

Մինչդեռ Փաշինյանը նոյեմբերի 23-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր. «Նեղվում ենք, երբ ինչ որ տեղ ինչ որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ որ մարդկանց գրգռում ենք։ Հիմա էլի ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը։ Ես այսօր մի իրավիճակում ու պատասխանատվության մեջ եմ, որ պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել ու ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։ Եթե ես դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի կորուստ»։

Ֆրանսիայի դեսպանը Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի քարտեզը, որը գտնվում է Իրանի տարածքում։ Հրապարակմանը կից նա գրել է. «Միակն ու անկրկնելին»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---