Ֆրանսիայի դեսպանն այցելել է հայ-ադրբեջանական սահման

Ֆրանսիայի դեսպանն այցելել է հայ-ադրբեջանական սահման

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է հայ-ադրբեջանական սահման ՝ Խաչիկ գյուղի հատվածում միանալով ԵՄ առաքելության պարեկությանը։ Այդ մասին ասվում է ԵՄ առաքելության X-ի էջում։

«Մեզ համար մեծ պատիվ է ընդունել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին կենտրոնակայանում, որտեղ նրան տեղեկացրել են առաքելության աշխատանքների մասին։ Նա նաև միացել է Խաչիկ գյուղում իրականացվող պարեկությանը՝ տեղում հետևելով մեր ջանքերին»,- ասվում է գրառման մեջ։

Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը։ Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։

2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելություն՝ 2 տարի ժամկետով։ Ներկայում Հայաստան-Ադրբեջան սահմանին առաքելություն իրականացնող եվրադիտորդների թիվը 209 է:

 Ուշագրավ
---