ՀՀ-ում հարցումների համաձայն՝ 35.7%-ը կարծում է, որ կինը պետք է հանդուրժի բռնությունն ընտանիքը պահպանելու համար

ՀՀ-ում հարցումների համաձայն՝ 35.7%-ը կարծում է, որ կինը պետք է հանդուրժի բռնությունն ընտանիքը պահպանելու համար

PanARMENIAN.Net - Ամեն տարի նոյեմբերի 25-ից՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվանից, մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների օրը, ամբողջ աշխարհում իրականացվում է կանանց նկատմամբ բռնության դեմ արշավը։ Վերջին տարիների համաշխարհային իրադարձությունները, այդ թվում՝ բազմաթիվ զինված հակամարտությունները, բնական աղետները և համաճարակները, բարձրացրել են բռնության ոիսկերը, հայտնում է ԵՊԲՀ «Հերացի» գիտահետազոտական կենտրոնը։

ՀՀ-ում իրականացված հարցումների համաձայն՝ մասնակիցների 35.7%-ը կարծում է, որ կինը պետք է հանդուրժի բռնությունը ընտանիքը պահպանելու համար, իսկ 27.7%-ը գտնում է, որ «կինը արժանի է ծեծի»։ Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների՝ 2019 թվականին գրանցվել է 485 ընտանեկան բռնության դեպք, որոնցից 96%-ը՝ ֆիզիկական բռնություն։ Ընդ որում, նշված դեպքերի 74%-ը չի հանգեցրել քրեական գործերի հարուցմանը՝ տուժածի բողոքի բացակայության պատճառով։

ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպություններն արձանագրում են երկրում բռնության առաջին դեպքերի աճ, թեև ոստիկանության պաշտոնական տվյալները չեն արտացոլում դա։

Հայաստանում ընտանեկան բռնությունը հաճախ դիտարկվում է որպես բացառապես ընտանեկան խնդիր, իսկ հասարակությունը համարում է, որ այն պետք է լուծվի ընտանիքի ներսում: Այս մոտեցումը դարձնում է կանանց ավելի խոցելի, քանի որ բազմաթիվ ընտանիքներում կնոջ կարծիքը մնում է անտեսված, իսկ նրա իրավունքները չեն ստանում պատշաճ պաշտպանություն:

2000-2018 թվականներին 161 երկրներում կանանց նկատմամբ բռնության տարածվածության վերաբերյալ ԱՀԿ-ի կողմից կատարված հետազոտության արդյունքները փաստել են, որ ամբողջ աշխարհում կանանց 35%-ը կյանքի ընթացքում ենթարկվել է ֆիզիկական և/կամ սեռական բռնության իրենց զուգընկերոջ կամ մեկ այլ անձի կողմից:

Ըստ ԱՀԿ տվյալների՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում կանանց նկատմամբ բռնության դեպքերը միջինում կազմում են 23.2%, Արևմտյան խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 24.6%, Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում՝ 37%, Հարավ-արևելյան ասիական տարածաշրջանում 37.7%: Այնուհանդերձ, բռնության ենթարկված կանանց միայն 40%-ն է դիմում օգնության։ Աշխարհում կանանց բոլոր սպանությունների մինչև 38%-ը կատարվում է նրանց զուգընկերների կողմից: Հարկ է նշել, որ COVID-19 համավարակը խորացրել էր այս խնդիրը, որոշ երկրներում թեժ գծին կատարված զանգերի քանակը հնգապատկվել էր։

Բռնության ենթարկված կանայք երկու անգամ ավելի հաճախ են ընդհատում հղիությունը։ Նրանց մոտ 41%-ով բարձր է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը։ Բռնությամբ պայմանավորված հոգեբանական վնասվածքները, հատկապես մանկության տարիներին, բարձրացնում են կախվածությունների, ռիսկային վարքագծի հավանականությունը, ինչպես նաև բռնություն գործելու հավանականությունը:

Բռնությունների կանխարգելման համար անհրաժեշտ է.

- Կազմակերպել հանրային քարոզարշավներ, որոնք կկոտրեն բռնությունը արդարացնող կարծրատիպերը։ Երիտասարդների սեռական կրթության համալիր ծրագրերի շրջանակներում պետք է իրականացվի գենդերային հավասարության սկզբունքին հիմնված գենդերային նորմերի մասին քարոզչական աշխատանք։

- Բարձրացնել բռնության զոհերին անհրաժեշտ օգնության հասանելիությունը։ Ճգնաժամային կենտրոնները և թեժ գծերը պետք է լինեն 24/7 հասանելի:

- Կանխել բռնության կրկնությունները՝ վաղ հայտնաբերելով բռնության ենթարկված կանանց և երեխաներին և ապահովել անհրաժեշտ աջակցություն:

- Ապահովել բռնության դեպքերի մշտադիտարկումը՝ բռնության տարածվածության վերաբերյալ փաստացի տվյալների հավաքագրում բնակչության շրջանում իրականացվող հարցումների միջոցով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---