«Հետք»․ Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը՝ նա անցնում է 3 քրվարույթով

«Հետք»․ Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը՝ նա անցնում է 3 քրվարույթով

PanARMENIAN.Net - Ֆինանսների նախկին փոխնախարար Արթուր Աֆրիկյանին վերաբերող քրեական վարույթով նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է։ Նրա հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում, խափանման միջոց է ընտրված կալանավորումը, գրում է «Հետքը»։

Վարույթը նախաձեռնվել է «Հետքի» հրապարակման հիման վրա՝ 2023-ի հուլիսին:

Ընդ որում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որը 1980-ականներից աշխատել է մաքսային ու հարկային մարմիններում, իսկ 2014-2016 թթ. եղել է ֆինանսների փոխնախարար, 2016-ի մարտ-հոկտեմբերին էլ՝ ՊԵԿ նախագահի տեղակալ, ներգրավված է միանգամից 3 քրեական վարույթներում, հայտնում է «Հետքը»:

«Հետքը» դեռևս 2018-ի նոյեմբերին էր գրել Դուբայում անշարժ գույք ձեռք բերած հայ պաշտոնյաների ու գործարարների, այդ թվում՝ Արթուր Աֆրիկյանի մասին, որը 7 միավոր անշարժ գույք է գնել Դուբայում, որոնցից 2-ը հետո վաճառել է:

Հետագայում «Հետքը» պարզել էր, որ նախկին պաշտոնյայի արաբական գույքի չափն ավելի մեծ է. պաշտոնյան ունեցել է ոչ թե 5 (վաճառածները չհաշված), այլ 9 բնակարան: Առաջին հրապարակումից հետո պարզվել էր, որ Աֆրիկյանի բոլոր 9 տները գրանցվել են նրա կնոջ՝ Ալվարդ Մովսեսյանի անունով, որն էլ օտարել է դրանք: Oտարված 9 բնակարանների շուկայական ընդհանուր արժեքն 2023-ի հուլիսի դրությամբ մոտ 4 մլն դոլար էր:

Օտարվածներից 2-ը, սակայն, գրանցվել էին Հովհաննես Կոբալյանի անունով, որն աշխատում է Դուբայի անշարժ գույքի ոլորտում, ինչպես նաև սերտ առնչություն ունի Աֆրիկյան-Մովսեսյան զույգի հետ: Բավական է ասել, որ մեր ձեռքի տակ եղած հին ու նոր տվյալներում հենց նրա էլեկտրոնային փոստն է նշված թե՛ Աֆրիկյանի, թե՛ Մովսեսյանի կոնտակտների մեջ: Կարելի է ենթադրել, որ Հ. Կոբալյանը առնչություն է ունեցել Արթուր Աֆրիկյանի անշարժ գույքի գործարքներին և գույքի կառավարմանը:

«2023-ի ամռանը գրել էինք, որ օտարված 9 բնակարաններից զատ Ալվարդ Մովսեսյանի անունով գրանցված է 2 բնակարան Palm Jumeirah արհեստական կղզում, ինչպես նաև 2 խանութ Դուբայ Մարինա շրջանում»,–ասվում է հրապարակման մեջ։

«Հետքի» այս երկրորդ հրապարակումն ուսումնասիրվել էր Գլխավոր դատախազությունում, ապա ուղարկվել Քննչական կոմիտե, որտեղ նույն ամսում քրեական վարույթ էր նախաձեռնվել փողերի լվացման հոդվածով, ավելի կոնկրետ՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով: Այն է՝ փողերի լվացումը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով (2-րդ կետ) կամ առանձնապես խոշոր չափերով (3-րդ կետ), պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով: ՔՕ 296-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում 10 մլն դրամը գերազանցող գումարը:

Հետագայում ՔԿ-ից վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեին: Ընդ որում՝ մինչ օրս, ըստ Գլխավոր դատախազության, վարույթի շրջանակներում որևէ անձ ներգրավված չէ որպես մեղադրյալ:

Աֆրիկյանն ու նրա ընտանիքի անդամները՝ կինը, դուստրը (Դիանա Աֆրիկյան), նախորդ տարվա օգոստոսին հրավիրվել էին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող և բռնագանձման ենթակա իրենց գույքի վերաբերյալ գործին: Մանրամասներ Գլխավոր դատախազությունը չէր հայտնել:

Արթուր Աֆրիկյանն անցնում է ևս երկու վարույթով:

Դրանցից մեկը նախաձեռնվել է 2017 թ. ապրիլին, և այժմ գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում, մյուսը նախաձեռնվել է 2019 թ. փետրվարին ԱԱԾ-ի կողմից, իսկ ավելի ուշ փոխանցվել է Քննչական կոմիտեին (այս վերջինը էլեկտրոնային կողպեքների գործն է, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ):

Երկու դեպքում էլ Աֆրիկյանը մեղադրյալ է ներգրավվել նախկին (2003 թ. ընդունված) Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է 2-6 տարի ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով):

Սակայն Աֆրիկյանը 2018-ի հունիսին՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, հեռացել է երկրից, և ըստ «Հետքի» տվյալների՝ մեկնել է ԱՄՆ: Նրա հանդեպ վերոնշյալ երկու քրեական վարույթներով հայտարարվել է միջազգային հետախուզում, խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---