Թորոսյան․ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից՝ դա դավաճանություն է և դասալքություն

Թորոսյան․ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից՝ դա դավաճանություն է և դասալքություն

PanARMENIAN.Net - ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ «Հակոբ Ասլանյանը կհեռացվի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից»։ Թորոսյանը, գնահատելով Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի վարքագիծը, այն կոչել է քաղաքական դավաճանություն և դասալքություն։

Նա այդպես է հակադարձել ավելի վաղ Ասլանյանի այն հայտարարությանը, որ ինքը մեկ ամսով կասեցնում է ՔՊ-ի հետ գործակցությունը, հայտնում է Factor.am-ը։

Ասլանյանն ավելի վաղ դիմել էր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որպեսզի խմբակցության անդամներից ձևավորի պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ։

«Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ՝ փոխել իմ մոտ ձևավորված կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին, և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»,- հայտարարել է պատգամավորը։

Ասլանյանն ասել է, որ մեկ ամիս շարունակ չի մասնակցի ոչ խմբակցության նիստերին, ոչ էլ կուսակցական հավաքներին, մանդատը, սակայն, վայր չի դնի։ Եթե իր առաջադրած պայմանը չկատարվի, ամենայն հավանականությամբ, ՔՊ խմբակցությունից դուրս գալու որոշում կկայացնի, բայցև կշարունակի մնալ ՔՊ կուսակցության շարքերում, քանի դեռ իրեն չեն հեռացրել։ Ասլանյանն ասել է նաև, որ ինքը ստիպված է եղել ծանոթանալ Հովիկ Աղազարյանին առնչվող նամակագրությունների տեղեկատվությանը, որպեսզի ամրապնդի իր ներքին համոզմունքը։

Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսքի կազմակերպման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

 Ուշագրավ
---