Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին է ներկայացրել Կայուն զարգացման պարտատոմսերը

Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին է ներկայացրել Կայուն զարգացման պարտատոմսերը

PanARMENIAN.Net - Հանձն առնելով շրջակա միջավայրի վրա գործունեության ազդեցությունը նվազեցնելու պարտավորությունը՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) թողարկել է Կայուն զարգացման պարտատոմսեր․ ընկերությունը հատուկ միջոցառման ժամանակ ապագա ներդրողներին ներկայացրել է բիզնեսի շարունակական ընդլայնմանն ուղղված իր ծրագրերը և պարտատոմսերի թողարկման մանրամասները։

Ընկերությունը թողարկել է դոլարային և դրամային պարտատոմսեր ընդհանուր 75 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։ Ներգրավված միջոցներն ուղղվելու են ընկերության ռազմավարական առանցքային ուղղությունների զարգացմանը, մասնավորապես բջջային ու ֆիքսված ցանցերի, Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ենթակառուցվածքի ընդլայնմանը, ինչպես նաև վարկերի ամբողջական վերաֆինանսավորմանը։

Ողջունելով հյուրերին՝ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ սա վճռորոշ է Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների արդիականացման ու դեպի կայուն թվային ապագա անցնելու համար։

«Այս պարտատոմսերի թողարկումը ևս մեկ համարձակ քայլ է, որն իրականացնում ենք ֆինանսական և հեռահաղորդակցության ոլորտներում։ Սա ինչպես ներդրում անելու և խնայողություններն արդյունավետ օգտագործելու, այնպես էլ երկրի տելեկոմ ոլորտի զարգացմանը մասնակից դառնալու հնարավորություն է»,-հավելել է նա։

Առաջին սերիայի դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը 45 միլիոն դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 դոլար, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 7.95%, շրջանառության ժամկետը՝ 60 ամիս։ Երկրորդ սերիայի դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը 20 միլիոն դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ կրկին 100 դոլար, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 7.85%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։

Դրամային պարտատոմսերի անվանական ծավալը 3.9 միլիարդ դրամ է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 հազար դրամ, արժեկտրոնային տոկոսադրույքը`11.5%, շրջանառության ժամկետը՝ 60 ամիս։ Բոլոր սերիաների պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի մինչև 2024թ. դեկտեմբերի 18-ը։

Կայուն պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնում է Ամերիաբանկը։

«Team Telecom Armenia-ի՝ Կայուն զարգացման հետ կապված պարտատոմսերի թողարկումն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։ Այն էական նշանակություն ունի բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման հետ կապված խնդիրներն ընդգծելու և դրանց լուծմանն ուղղված միջացառումներ

իրականացնելու տեսանկյունից։ Այն կարևոր է նաև ներդրողների համար, քանի որ ընձեռում է այս կարևոր առաքելության իրագործմանը մասնակցություն ունենալու բացառիկ հնարավորություն»,- ասել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ, Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Պարտատոմսեր ձեռք բերել հնարավոր է MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի էլ.հասցեին՝ capitalmarkets@ameriabank.am։

Վերջին երկու տարվա ընթացքում միջազգային ստանդարտներին համապատասխան բնապահպանական կառավարման համակարգ ներդնելու արդյունքում ընկերությունը էականորեն նվազեցրել է իր գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ պարտավորվելով մինչև 2029 թվականը կրճատել արտանետումները 40%-ով։

Միջոցառմանը ներկա էին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների, ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև Team Telecom Armenia-ի գործընկերները, բաժնետերերն ու թիմակիցները։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ: Պարտատոմսերի տեղաբաշխողն է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲ ընկերությունը։ Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարությանը կարելի է ծանոթանալ կայքում։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---