«Գումի» շուկայի մսավաճառներից 8–ը ձերբակալվել է. ՍԱՏՄ–ն առգրավել է միսը![]() 13 դեկտեմբերի 2024 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ի վաղ առավոտից լարված իրավիճակ է «Գումի» շուկայում, քանի որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների ոստիկանների ուղեկցությամբ շուկայում փորձում էին առգրավել մսավաճառների միսը` հիմնավորելով, որ այն վաճառվում է նորմերի խախտումներով, բաց վիճակում, առանց համապատասխան թույլտվության։ Երբ մսավաճառներն ընդվզեցին, բախում առաջացավ նրանց և ոստիկանների միջև։ «Գումի» շուկայում աշխատող մսավաճառներից 8–ը ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։ Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանություն»,– հայտնել է Սարգսյանը։ Նրա խոսքով` ձերբակալվածների վերաբերյալ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ներկայացնելու համար։ ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն ասել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսուչները «Գումի» շուկայում որևէ արտառոց, նոր բան չեն արել, հայտնում է Sputnik Արմենիան։ Հարությունյանը նշել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին օրենքով հաստատվել է, որ ՍԱՏՄ–ն ոչ սպանդանոցային ծագման միսը կարող է առգրավվել և ոչնչացնել, իսկ այս տարվա աշնանը հաստատվել է դրա իրականացման կարգը։ «Այսօր 9–ից շուտ ենք գնացել, որ հասկանանք, թե Խորենացի շուկայում (Գումի շուկա) միսը որտեղից է բերվում, ինչ ձևով։ Եթե տեսնեիք, թե միսն ինչ մեքենաներով և ոնց են բերում այդ շուկա, արդեն զզվելի է։ Մենք ամեն օր այդ բողոքը ստանում ենք քաղաքացիներից։ Մենք չենք կարող 200-300 իրացման կետի, տնտեսվարողի օգուտը վերադասել մարդկանց առողջությունից»,–ասել է Հարությունյանը։ Սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը ՀՀ–ում ուժի մեջ է 2023թ–ի դեկտեմբերի 6-ից։ Արդեն 1 տարի է` մեր երկրում արգելված է ոչ սպանդանոցում մորթված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը։ Իսկ շուկայում առանց համապատասխան հավատագրի վաճառվող միսը պետք է առգրավվի ու ոչնչացվի։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |