Ֆրանսիայի ԶՈւ նախարար․ Շարունակում ենք աջակցել ՀՀ–ին նաև ՀՕՊ ոլորտում

Ֆրանսիայի ԶՈւ նախարար․ Շարունակում ենք աջակցել ՀՀ–ին նաև ՀՕՊ ոլորտում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն Փարիզում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ֆրանսիան շարունակում է աջակցել ՀՀ–ին, հատկապես՝ հակաօդային պաշտպանության ոլորտում։

«Մենք շարունակում ենք աշխատել Հայաստանին իր պաշտպանական ջանքերում աջակցելու ուղղությամբ՝ խորհրդատվության և ուսուցման, ինչպես նաև տեխնիկայի, հատկապես՝ հակաօդային պաշտպանության ոլորտում»,- ասվում է գրառման մեջ։

Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, նախարարները հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը:

Սուրեն Պապիկյանը կարևորել է ինչպես Սեբաստիան Լըկորնյուի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղորեն իրականացման ընթացքը, այնպես էլ այս հանդիպման ընթացքում համագործակցության վերաբերյալ ձեռքբերվելիք նոր պայմանավորվածությունները:

Կողմերը հաստատել են, որ համագործակցությունը դրվել է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա: Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն հաստատել է համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերրինի ու Սենատի մի շարք անդամների հետ: Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Պապիկյանը հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ: Մանրամասն անդրադարձ է կատարվել համագործակցության բոլոր ոլորտներին՝ ռազմական կրթություն, վարժական ծրագրեր, խորհրդատվություն, ռազմատեխնիկական հարցեր:

 Ուշագրավ
---