Նոյեմբերին վերջին տարիների ամենացածր տնտեսական ակտիվությունն է գրանցվել․ Աճը կազմել է 1.2%

Նոյեմբերին վերջին տարիների ամենացածր տնտեսական ակտիվությունն է գրանցվել․ Աճը կազմել է 1.2%

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսությունը 2024–ի նոյեմբերին արձանագրել է վերջին տարիների ամենացածր աճը՝ ընդամենը 1․2%: Փորձագետների գնահատմամբ՝ կտրուկ անկումը պայմանավորված է թանկարժեք մետաղների ու քարերի վերաարտահանման ծավալների նվազմամբ, որոնց մասնաբաժինն արտահանման կառուցվածքում տարեսկզբի 75%-ից շեշտակի նվազել է:

2024-ի նոյեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) շեշտակի նվազել է՝ կազմելով ընդամենը 1․2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հատկանշական է, որ նախորդ ամսվա համեմատ ցուցանիշը մնացել է անփոփոխ, հայտնում է CivilNet-ը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած օպերատիվ տվյալների՝ տնտեսության առանձին ճյուղերում արձանագրվել են հակասական միտումներ։ Այսպես, շինարարության ոլորտում գրանցվել է 11․6% աճ, ներքին առևտրի շրջանառությունն ավելացել է 11․5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում աճը կազմել է 10․4%։ Արդյունաբերության ոլորտում գրանցվել է զգալի՝ 19% անկում։

2024-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ընդհանուր պատկերն առավել դրական է։ ՏԱՑ-ը կազմել է 7․4%, առևտուրն աճել է 18%-ով, շինարարությունը՝ 14․9%-ով, արդյունաբերությունը՝ 7․6%-ով, իսկ ծառայությունների ոլորտը՝ 6․3%-ով։

Նոյեմբերին արտաքին առևտրի ցուցանիշները ևս էական վատթարացում են արձանագրել։ Նոյեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 27․4%-ով` կազմելով 1․9 մլրդ դոլար: Ընդ որում, արտահանումը նվազել է 35%-ով` հասնելով 752 մլն դոլարի, իսկ ներմուծումը՝ 21․4%-ով` կազմելով 1․16 մլրդ դոլար։ Նոյմեբերին սպառողական շուկայում գնաճը կազմել է 1․4%, իսկ տասն ամսվա կտրվածքով՝ 0․2%։

Չնայած նոյեմբերի կտրուկ անկմանը` այս տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այնուամենայնիվ աճել է` նախորդ ամիսներին գրացված աճի առաջանցիկ տեմպի հաշվին:

2024–ի 11 ամիսներին արտաքին առտուրը կազմել է 28․18 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 54%-ով։ Արտահանումն աճել է 73․9%-ով՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ հասնելով 12․31 մլրդ դոլարի։ Ներմուծումը կազմել է 15․87 մլրդ դոլար՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 41․5% աճ։

Նոյեմբերին արտաքին առևտրի ծավալների արձանագրված կտրուկ անկումը բացասական է անդրադարձել 11 ամիսների դինամիկայի վրա։ Այդ անկումը պայմանավորված է հիմնականում ռուսական թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանման ծավալների նվազմամբ։

2023-ի նոյեմբերին այս ապրանքախմբերի վերամշակումն ու վերաարտահանումը հանգեցրել է արդյունաբերության 23․8% աճի, սակայն ներկայում այս սխեման գործնականում դադարել է։ Փորձագետների կանխատեսմամբ՝ նման միտումները կպահպանվեն նաև դեկտեմբերին և 2025-ի սկզբին։

Հայաստանի տարածքով այդ ապրանքների դեպի ԱՄԷ և Հոնգկոնգ մոտ մեկ տարի տևած վերարտահանումը նոմինալ առումով հանգեցրել է Հայաստանի արտաքին առտրաշրջանառության և արդյունաբերության թռիչքաձև աճի:

Ըստ Համաշխարհային բանկի տվյալների` թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների (վերա)արտահանումը 2024-ի սկզբին կազմել է Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի 75%-ը: Այս տարվա կեսից այն սկսել է նվազել, սեպտեմբերին հասնելով 48․5%-ի:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---