Politico-ի թղթակից. Լեռնային Ղարաբաղի բռնի ավարտն անձնական պարտություն էր Շառլ Միշելի համար

Politico-ի թղթակից. Լեռնային Ղարաբաղի բռնի ավարտն անձնական պարտություն էր Շառլ Միշելի համար

PanARMENIAN.Net - Politico պարբերականը հրապարակել է հատված Հարավային Կովկասի զարգացումները՝ այդ թվում Ղարաբաղյան հակամարտությունը տարիներ շարունակ լուսաբանած լրագրող Գաբրիել Գևինի հեղինակած և դեռևս լույս չտեսած գրքից։ «Մեր հայրերի աճյունը. Լեռնային Ղարաբաղի անկումը՝ ներսից» գրքում Politico-ի թղթակիցը նկարագրում է, թե ինչպես է տասնամյակների հակամարտությունը հանգեցրել նորագույն պատմության սարսափելի հումանիտար աղետներից մեկին:

Պարբերականում հրապարակված հատվածը նվիրված է հայ - ադրբեջանական գործընթացում Եվրամիության՝ մասնավորապես դաշինքի ղեկավարներից Շառլ Միշելի, միջնորդական դերակատարությանը, կամ ինչպես գրքի հեղինակն է փաստում՝ ձախողված ջանքերին, գրում է «Ազատությունը»։

«Լեռնային Ղարաբաղի բռնի ավարտն, ըստ ամենայնի, Ռուսաստանի ազդեցության նվազման ազդակ էր, որն Ուկրաինա նրա աղետալի ներխուժման հետևանքով էր, բայց դա նաև անձնական պարտություն էր Եվրոպական խորհրդի այն ժամանակվա նախագահ Շառլ Միշելի համար», - պնդում է բրիտանացի լրագրողը։

«Մոտ երկու տարի շարունակ, երբ լրագրողները դիմում էին Միշելի գրասենյակ եվրոպական գործերի հետ կապված հարցերով, նրանց մերժում էին մի պարզ պատասխանով՝ նա զբաղված է Հարավային Կովկասում պատերազմը կանխելու հարցով», - գրքում պատմում է Բրյուսելում տեղակայված լրագրողը՝ հիշեցնելով, որ մինչ Միշելը պատերազմ էր փորձում կանխել, դաշինքի մյուս ղեկավարը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հակամարտող կողմի՝ Ալիևի վարչակազմի հետ ադրբեջանական գազային համաձայնագրի կնքման ուղղությամբ էր աշխատում։

Գևինի համոզմամբ՝ Միշելի ջանքերն ի սկզբանե էին տուժել, քանի որ չկար ընկալում՝ «ում հետ գործ ունի, կամ որքան բարձր են խաղադրույքները»:

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են իրար հետ, ըստ եվրոկրատների, դա առնվազն նշանակում է, որ նրանք չեն կրակի միմյանց վրա։ Մինչդեռ իրականում նրանք թե՛ մեկն էին անում և թե՛ մյուսը, գրում է տարածաշրջանային խնդիրները լուսաբանած լրագրողը։

«Շփման գծի երկայնքով հարյուրավոր զինվորների կյանք խլած գրեթե ամենօրյա բախումները չէին թուլանում, և ԵՄ պաշտոնյաներն անաչառ միջնորդի դերը չկորցնելու վճռականությամբ հրաժարվում էին մեկնաբանել՝ ով է մեղավոր: Ամեն անգամ Բաքվի հասցեին քննադատության նշույլի դեպքում անգամ Ադրբեջանի առաջատար մեկնաբանները բարձրաձայն զգուշացնում էին՝ ԵՄ-ն կորցնում է իր ենթադրյալ չեզոքությունը», - հիշեցնում է Գևինը և հավելելում, որ ԵՄ-ում հույս էին դրել «զգուշավոր դիվանագիտության» վրա։

Հեղինակը նկատում է, որ հենց Եվրամիության միջնորդները խաղաղության հնարավորությունից էին խոսում, հերթական ռազմական բախումն էր վրա հասնում, «բանակցություններն իսկապես խոստումնալից են, պնդում էին նրանք շրջափակման մեկնարկից մի քանի ամիս անց, երբ մարդիկ սոված էին»։

«Մինչդեռ Բաքուն երեք քայլ առաջ էր անում և գովասանքի արժանանում, երբ մեկ միլիմետր նահանջում էր», - նշում է Գևինը։

Politico-ի թղթակցի համոզմամբ` հայ - ադրբեջանական գործընթացում միջնորդի դեր ստանձնած պաշտոնյաները «պարզապես ի վիճակի չէին» գործ ունենալ նման հակամարտության հետ։

«Արևմտյան քաղաքականության ասպարեզում, որտեղ նրանք ինքնադրսևորվում էին, ամենավատը հնարավոր արդյունքներից կարող էր լինել, օրինակ, վատ ձևակերպված ուղերձը, որն, ասենք, կզայրացներ ԵՄ երկրի վարչապետի կամ կվրդովեցներ արդյունաբերական լոբբիստական խմբի: Հիմա նրանք ներքաշվել են դաժան էթնիկ վեճում, որտեղ ամենավատ բանը քո տունն այրվելն է, գլուխդ կտրելը։ Սա պարզապես աներևակայելի մի բան է կարիերային դիվանագետների համար, ովքեր լիովին հավատում էին, թե չկա որևէ խնդիր, որ հնարավոր չլինի լուծել Բրյուսելի նիստերի դահլիճում, սենդվիչների ափսեի շուրջ», - գրում է լրագրողը:

Արցախի անկմանը նախորդած լարված ամիսներին հետևած լրագրողի տպավորությամբ՝ Միշելի ջանքերի տապալումը պայմանավորված էր նաև նրա փորձառության պակասով. բելգիացի քաղաքական գործիչը եվրոպական մի փոքրիկ երկրի կառավարության ղեկավար էր, որը «տիտան չի դարձել ոչ միայն միջազգային ասպարեզում, այլև նույնիսկ սեփական գրասենյակում»:

Եվ երբ սկսվեց Լեռնային Ղարաբաղից զանգվածային տեղահանմանը սկիզբ դրած հարձակումը, Միշելը հրաժարվեց իր առաջնահերթ խնդրից ավելի արագ, քան որևէ մեկը կարող էր ակնկալել, գրում է գրքի հեղինակը և փաստում, որ բացի Ղարաբաղի հայերի իրավունքների հարգելու մասին կոչ-գրառումից նա այլևս երբեք հրապարակավ չանդրադարձավ հարցին։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---