Փաշինյան․ ՀՀ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին![]() 15 հունվարի 2025 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին: «Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններն առարկայական են առավել քան երբևէ: Այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը փոխգործակցության ամենահուսալի բազան է և հարաբերությունների կայունության երաշխիք: Վրաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության ուղեծրում՝ բացելով զարգացման նոր հեռանկարներ և պոտենցիալ: Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձևավորված: Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բոլոր հարցերին Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է կառուցողական լուծումներ: Ոչ թե առաջարկներ է արել, այլ լուծումներ է առաջարկել: Այս համատեքստում տարածաշրջանում էսկալացիաներ հրահրելու բոլոր ջանքերը զուրկ են լեգիտիմությունից և հիմքից, ինչը նշանակում է, որ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի: Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել` փոխշահավետ համագործակցության և ինքնիշխանության հիման վրա: Ֆրանսիայի հետ մեր բարեկամությունը ամրապնդվել է և զարգացել: Եվրամիության հետ հարաբերությունները սերտ են առավել քան երբևէ, ինչն արձանագրվում է նաև Բրյուսելում: Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեկնարկում է ռազմավարական գործընկերություն: Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները նոր կշիռ և իմաստ են ձեռք բերել: Չինաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են և խորանում: Մերձավոր Արևելքում գործընկերության նոր հնարավորություններ են ստեղծվել»,–ասվում է գրառման մեջ: Փաշինյանը հավելել է, որ այս դիրքավորումը Հայաստանի անկախության, ինքնիշխանության և պետականության հարատևության օրակարգը հաջողությամբ սպասարկելու ամուր նախադրյալներ է ստեղծում, ինչը կիրագործվի բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության առաջիկա փուլերում: Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |