ՀՀ–ն ողջունել է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը

ՀՀ–ն ողջունել է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանը ողջունել է Գազայում հրադադարի հաստատման մասին համաձայնագիրը, որով նախատեսվում է ապահովել գերիների և պատանդների ազատ արձակումը։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում։

«Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմերի պատանդների և գերիների ազատ արձակումը՝ հույս հայտնելով, որ այն կարևոր նշանակություն կունենա Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների անվտանգության ապահովման և Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանում համապարփակ խաղաղության և կայունության ճանապարհ հարթելու համար»,-է գրառման մեջ։

ՀՀ ԱԳՆ–ն նաև կարևորել է միջնորդ երկրների ջանքերը։

«Գնահատելի են միջազգային համայնքի՝ հատկապես ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրել են այս նշանակալի հանգրվանին»,-նշված է գրառման մեջ։

Հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի համաձայնագիր է կնքվել։ Որպես միջնորդ են հանդես եկել Կատարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ն: Համաձայնագրով նախատեսվում է դադարեցնել 15 ամիս շարունակվող ռազմական գործողությունները։ Կատարի վարչապետ շեյխ Մոհամեդ բին Աբդուլռահման ալ Թանին հայտնել է, որ հրադադարն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։

 Ուշագրավ
---