Արցախի ԱԺ․ Բաքվում պահվող հայերի վերադարձը ՀՀ–ի պարտավորությունների շարքում է

Արցախի ԱԺ․ Բաքվում պահվող հայերի վերադարձը ՀՀ–ի պարտավորությունների շարքում է

PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովը դատապարտել է Ադրբեջանում 16 հայ պատանդների նկատմամբ սկսված ապօրինի դատավարությունը՝ ընդգծելով, որ գործընթացը նպատակ ունի ոտնահարելու նրանց իրավունքները և լեգիտիմացնելու ադրբեջանական կողմի շարունակական հայատյաց քաղաքականությունը:

Արցախի ԱԺ-ն նաև ընդգծել է ՀՀ իշխանությունների պարտավորությունը՝ այս հարցը բարձրաձայնելու բոլոր հնարավոր ատյաններում և բանակցությունների ընթացքում:

ԱԺ հայտարարությունում նշվում է, որ դատավարությունն իրականացվում է շինծու մեղադրանքներով և ուղեկցվում է ընթացակարգային խախտումներով, ինչը այն դարձնում է ոչ օրինական ու ոչ լեգիտիմ:

«Այդ «դատավարությունը», որն իրականացվում է առևանգված և ապօրինի կերպով ու անմարդկային պայմաններում պահվող հայերի դեմ՝ ակնհայտ շինծու մեղադրանքներով և բազմաթիվ ընթացակարգային իրավախախտումներով, չի կարող օրինական ու լեգիտիմ համարվել։ Ավելին, նման գործընթացներով ադրբեջանական վարչակազմն ուղղակիորեն փորձում է լեգիտիմացնել ցեղասպանական քաղաքականությունը, որն արդեն երկար տարիներ վարում է բոլոր հայերի և հատկապես Արցախի ժողովրդի նկատմամբ»,–ասվում է հայտարարության մեջ։

Արցախի ԱԺ-ն դիմում է միջազգային հանրությանը՝ պահանջելով, որ նրանք գործնական քայլեր ձեռնարկեն պատանդների ազատ արձակման ուղղությամբ և դատապարտեն Ադրբեջանի հակամարդկային քաղաքականությունը:

«Մենք ակնկալում ենք մարդու իրավունքներով և տարածաշրջանային խաղաղությամբ մտահոգ պետություններից, միջազգային կառույցներից, իրավապաշտպան կազմակերպություններից, որ գործնական քայլեր կձեռնարկեն՝ նպաստելու բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակմանը։ Կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր դերակատարներին չեզոք դիրքորոշման փոխարեն որդեգրել հստակ և սկզբունքային մոտեցում, որով կդատապարտվի Ադրբեջանի հակամարդկային քաղաքականությունը և կկանխվի ապօրինի դատավարության իրականացման ցանկացած փորձ»,-ասվում է հայտարարության մեջ։

ԱԺ-ն հորդորում է հայրենակիցներին զերծ մնալ ադրբեջանական քարոզչությանը նպաստող նյութեր տարածելուց և խուսափել թիրախավորելուց այն անձանց, ովքեր բռնաճնշումների պատճառով ստիպված կարող են անել որոշակի հայտարարություններ:

ԱԺ-ն հայտարարում է, որ ադրբեջանական բանտերում պահվող հայերի նկատմամբ դատական գործընթացները վնասում են ամբողջ հայությանը և ընդգծում է, որ նրանց ազատ արձակումը պատվի և արժանապատվության հարց է:

«Ադրբեջանական բանտերում խոշտանգվում և դատարաններում դատապարտվում ենք մենք բոլորս՝ ի դեմս մեր պատանդառված հայրենակիցների ու ընկերների: Ուստի, նրանց իրավունքների պաշտպանությունն ու անհապաղ ազատ արձակումը մեր բոլորիս արժանապատվության ու բարոյական պարտավորությունների հարցն է՝ անկախ որևէ անձի հանդեպ այս կամ այն վերաբերմունքից»,–ասվում է հայտարարության մեջ։

Արցախի Ազգային ժողովը վերահաստատում է իր նվիրվածությունը Արցախի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանությանը՝ ընդգծելով, որ գերեվարված հայերի վերադարձը հայրենիք կարևորագույն խնդիր է:

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը իր ունեցած հնարավորությունների շրջանակներում պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու հավաքական շահերը, որի կարևոր բաղադրիչներից մեկն էլ գերեվարված հայերի անհապաղ վերադարձն է հայրենիք»,–ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը կմեկնարկի հունվարի 17-ին։ Այդ մասին հայտնել է դատական կոլեգիայի անդամ Անար Ռզաևը։ Այդ օրը կորոշվի, թե դատավարությունն ինչ ռեժիմով է ընթանալու՝ փակ թե բաց, չի բացառվում, որ գործընթացի մի մասը փակ դռների ետևում անցնի։

 Ուշագրավ
---