Բաքվում շինծու դատական հաջորդ նիստերը կկայանան հունվարի 21-ին և 27-ին

Բաքվում շինծու դատական հաջորդ նիստերը կկայանան հունվարի 21-ին և 27-ին

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ղեկավարների դեմ շինծու գործերով հաջորդ նիստերը կկայանան հունվարի 21-ին և 27-ին։ Լուսանկարներ են հրապարակվել՝ ցույց տալու դատական ընթացքը։

Հունվարի 17–ին կայացել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ շինծու գործերով առաջին դատական նիստը։ Որպես մեղադրող հանդես է գալիս 6 դատախազ։

Բաքվի զինվորական դատարանում, որը նախագահում է դատավոր Զեյնալ Աղաևը, նիստն անցկացվել է նաև դատավորներ Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի մասնակցությամբ։ Նշվել է, թե հայերի համար տրամադրվել են հայերենի թարգմանիչներ և փաստաբաններ, գրում է APA-ն։

Ամբաստանյալներին, իբր, բացատրվել են իրենց իրավունքներն ու պարտականությունները հայերենով։

Բաքվում հայտարարել են, թե քրեական գործով ներգրավված է 531,000 տուժած, ինչպես նաև նրանց ներկայացուցիչները։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին քննության է առնվել։ Նշվել է, որ նրան տրամադրվել է փաստաբան և ռուսերենի թարգմանիչ, գրում է APA-ն։

Վարդանյանն ու նրա փաստաբանը, որը պայմանագրային հիմունքներով է մատուցում իր ծառայությունները, ներկայացրել են երկու միջնորդություն։ Առաջին միջնորդությունը վերաբերել է այն պահանջին, որ նրա դեմ հարուցված գործը միացվի մյուս 15 պաշտոնյայի գործերին, ինչը դատարանը մերժել է։ Երկրորդ միջնորդությունը, որը վերաբերում է գործի նյութերին ծանոթանալու համար լրացուցիչ ժամանակ տրամադրելուն, ընդունվել է։ Փաստաբանին տրամադրվել է 10 օր՝ նյութերը ուսումնասիրելու համար։

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 27-ին։

Բաքուն հաստատել է 23 հայ գերու առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում են Ռուբեն Վարդանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։

Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---