ՊԵԿ–ը ներկայացրել է՝ ովքեր և ինչպես կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից

ՊԵԿ–ը ներկայացրել է՝ ովքեր և ինչպես կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիները, ովքեր ներկայացնում են տարեկան եկամուտների հայտարարագիր, հնարավորություն ունեն ստանալու սոցիալական ծախսերի փոխհատուցում իրենց կամ իրենց ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ, զավակներ) համար իրականացված որոշակի ծախսերի մասով, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ):

«Դուք կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, եթե 2024 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող կրթական հաստատությունում կատարել եք ուսման վճար։ Ընդ որում, կրթական ծախսերը կարող են կատարված լինել ինչպես նախադպրոցական, այնպես էլ տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Որքան է կազմում փոխհատուցումը

Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50,000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100,000 դրամ։

«Անհրաժեշտ է հիշել, որ Ձեր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը չպետք է գերազանցի տարեկան 100,000 դրամը: Այսինքն, եթե Դուք ուսման վճարի համար ստանաք 100,000 դրամ փոխհատուցում, ապա չեք կարող այլևս օգտվել առողջության ապահովագրական փաթեթի 50,000 դրամ փոխհատուցումից։ Երկու ուղղություններով փոխհատուցումից միաժամանակ կարող եք օգտվել, եթե դրանց հանրագումարը չգերազանցի 100,000 դրամը»,–հայտնում է ՊԵԿ–ը։

Ինչպես օգտվել փոխհատուցումից

Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ծառայություն մատուցողից, այսինքն՝ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ։

Եթե ծախսն իրականացվել է ընտանիքի անդամի համար, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև այդ անձի փաստաթղթերն ու ընտանիքի անդամ լինելու մասին փաստող փաստաթղթեր՝ ինչպես ամուսնության վկայականը, ծննդյան վկայականները կամ որդեգրման համապատասխան փաստաթղթերը:

Այնուհետև, եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո, նույն համակարգի միջոցով, պետք է ներկայացնել դիմում՝ փոխհատուցման գումարը միասնական հաշվից ստանալու համար։

«Եթե 2025 թվականին Դուք պետք է ներկայացնեք հայտարարագիր 2024 թվականի հաշվետու տարվա համար, և 2024 թվականի ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ վճարել եք ուսման համար, սակայն չունեք հաշվարկային փաստաթուղթ, ապա սոցիալական ծախսը հիմնավորելու և փոխհատուցումը ստանալու համար՝ կարող եք տվյալ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պահանջել հաշվարկային փաստաթուղթ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո հարկավոր է նույն համակարգի միջոցով լրացնել դիմում՝ փոխհատուցման գումարը միասնական հաշվից ստանալու նպատակով։

Կոմիտեն նաև կարևորում է մի շարք առանձնահատկություններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել փոխհատուցում ստանալիս:

-Եթե քաղաքացին օգտվում է սոցիալական փաթեթից, ապա ինքն անձամբ չի կարող օգտվել առողջապահության գծով փոխհատուցումից, սակայն կարող է դա անել ընտանիքի անդամների համար:

-Հիփոթեքային վարկի, ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձ ստացող քաղաքացիների դեպքում սոցիալական ծախսի փոխհատուցում հնարավոր է միայն այն ժամանակ, երբ հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված և վճարված եկամտային հարկի դրական տարբերություն կա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---