ՀԿ–ները ողջունել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը![]() 20 հունվարի 2025 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունները կարևորել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության նոր մակարդակն ու դրա բացած հնարավորությունները։ Հայաստանի մի խումբ հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ ողջունել են Հայաստանի և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը։ Նրանք կարևորել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության նոր մակարդակն ու դրա բացած հնարավորությունները։ «Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը։ Այս գործընկերությունը բացում է նոր հնարավորություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար՝ նպաստելով տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղ և արժանապատիվ համակեցությանը, տնտեսական համագործակցությանը։ Կողմերն ընդգծում են նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության արժեքները, որոնց ամրապնդումը հաստատապես կնպաստի Հայաստանի զարգացմանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը։ Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը լիարժեքորեն օգտվել այս գործընկերության հնարավորություններից՝ բազմապատկելով ժողովրդավարության ամրապնդման ջանքերը և ապահովելով ներառականություն, թափանցիկություն և մասնակցայնություն։ Մնալով անշեղ և հանձնառու գործընկեր այս գործընթացում՝ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի կառավարության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ գործընկեր կառույցների հետ՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության նպատակներն իրագործելու համար»։ Հայտարարությունը ստորագրել են՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության հարթակը», Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը,Իրազեկ քաղաքացիների միավորումը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ–ն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ–ն, Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ–ն, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ–ն, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը։ Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ՝ ամրապնդելով երկու երկրների համագործակցությունը։ Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |