Աբրահամյան. Բաքուն պատրաստվում է ՀՀ դեմ նոր «քեյսեր» ձևավորել՝ Արայիկ Հարությունյանի «ցուցմունքը» պատահական չէր

Աբրահամյան. Բաքուն պատրաստվում է ՀՀ դեմ նոր «քեյսեր» ձևավորել՝ Արայիկ Հարությունյանի «ցուցմունքը» պատահական չէր

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Բաքվում ընթացող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությանը, ասել է, որ Ադրբեջանը նպատակ ունի քաղաքական և քարոզչական նոր «քեյսեր» ստանալ, որոնք հետագայում կօգտագործի Հայաստանի դեմ։

Աբրահամյանը հավելել է, որ պատահական չէր ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի «ցուցմունքի» հրապարակումը, որտեղ նա, ըստ ադրբեջանական կողմի, իբր ասել է, որ 2020 թվականին Գյանջայի հրթիռակոծման հրաման չի տվել, գրում է Sputnik Արմենիան։

Նա նշել է, որ այդ դատական գործընթացները զուրկ են արդարությունից, ինչը, ըստ Աբրահամյանի, ապացուցվում է Ռուբեն Վարդանյանի վերջին ուղերձով,

«Խնդիրը ոչ թե Ադրբեջանում հայտնված անձինք են, այլ այն, որ այդ գործն օգտագործվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի ձևավորման համար»,– նշել է նա։

Հունվարի 17-ին Ադրբեջանում մեկնարկել են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական լսումները։ Մեղադրյալների շարքում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։

Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է առանձին վարույթի մեջ։ Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։

 Ուշագրավ
---