Միրզոյան․ԵՄ-ին միանալու մեկնարկի օրինագիծը կոնկրետ ժամկետներ կամ մեխանիզմներ չի պարունակում![]() 21 հունվարի 2025 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Եվրամիությանը միանալու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծն առաջ է քաշված բացառապես քաղաքացիական հասարակության կողմից և պետական կառույցների հետ առնչություն չունի։ Նա այդ մասին ասել է Մոսկվայում՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա հավելել է, որ օրինագիծը կոնկրետ ժամկետներ կամ մեխանիզմներ չի պարունակում։ «Օրինագիծը հրապարակային փաստաթուղթ է։ Կարող եք ծանոթանալ, եթե դեռ չեք ծանոթացել․ այնտեղ ոչ ժամկետների, ոչ էլ հատուկ մեխանիզմների մասին խոսք չկա։ Ցանկանում եմ հիշեցնել, որ սա քաղաքացիական հասարակության նախաձեռնությունն է։ Կազմակերպությունները հավաքել են անհրաժեշտ 50 հազար ձայն՝ ինչպես նախատեսում է Հայաստանի սահմանադրությունը։ Եվ այժմ այս նախաձեռնությունն ավտոմատ կերպով վերածվել է օրինագծի և ներկայացվելու է խորհրդարանի քվեարկությանը»,– հայտարարել է Միրզոյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Միրզոյանը մանրամասնել է, որ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել օրինագծին, և մեծ հավանականություն կա, որ այն կստանա իշխող կոալիցիայի աջակցությունը։ Այնուամենայնիվ, հետագա քայլերը դեռ որոշված չեն։ «Օրինագծին վերաբերող ամեն ինչ այսքանով ավարտվում է։ Ի՞նչ կլինի հետո, հետո կորոշենք։ Օրինագիծը ոչ մի այլ բան չի ենթադրում»,–հավելել է նախարարը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել են, որ Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անհամատեղելի է, քանի որ երկու միություններն էլ պահանջում են մաքսային սահմանների բացակայություն ու ապրանքների, ծառայությունների և աշխատուժի տեղաշարժի ազատություն: Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։ Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |