Մարզերում կադրային խնդրից ելնելով մանկավարժներին տրանսպորտային աջակցության մեխանիզմ կմշակվի

Մարզերում կադրային խնդրից ելնելով մանկավարժներին տրանսպորտային աջակցության մեխանիզմ կմշակվի

PanARMENIAN.Net - Մարզերում մանկավարժների կադրային խնդրի պատճառով նախատեսվում է փոխհատուցել նրանց տրանսպորտային ծախսերը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները, որոնք ներկայացվել են Ազգային ժողովում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի կողմից, ուղղված են մանկավարժական կադրերի համալրմանն ու նրանց աջակցության մեխանիզմների զարգացմանը։

Հիմնական խնդիրներից մեկը հատկապես մարզային մանկապարտեզներում մանկավարժների պակասն է, հայտնում է Արմենպրեսը։

«Բազմաթիվ մանկապարտեզներում, հատկապես մարզերում, ունենք մանկավարժների լուրջ խնդիր։ Շարունակաբար հայտարարվում են թափուր տեղերի հաստիքները, սակայն դրանք չեն համալրվում։ Օրենքում նախատեսվում է լիազորող նորմ, որը թույլ կտա փոխհատուցել մանկավարժների տրանսպորտային ծախսերը: Այս մեխանիզմը կիրառվում է արդեն դպրոցական և մասնագիտական ուսուցման համակարգերում և ցույց է տվել իր արդյունավետությունը: Այն խթանում է հարակից բնակավայրերից մանկավարժների ներգրավումը»,- ասել է Սվաջյանը։

Նախատեսվում է ներդնել նոր մոտեցում, համաձայն որի՝ 20 կրեդիտ նախադպրոցական կրթության և մանկավարժահոգեբանական աջակցության վերապատրաստում անցած, միջին կամ բարձրագույն կրթությամբ մանկավարժներին հնարավորություն կտրվի աշխատել որպես դաստիարակներ մանկապարտեզներում։

Այս փոփոխությունները նպատակ ունեն խթանել հարակից բնակավայրերի մանկավարժներին ակտիվորեն ներգրավվել մարզային կրթական համակարգում՝ լուծելով կադրային դեֆիցիտի խնդիրը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---