Աննա Հակոբյանը՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին․Չի կարելի «դոփել տեղում»

Աննա Հակոբյանը՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին․Չի կարելի «դոփել տեղում»

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, անդրադարձել է տրանսպորտի թանկացման դեմ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի բոյկոտի կոչին՝ նշելով, որ հնչում են 12 տարվա վաղեմության կոչեր։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ իր «կրթվելը նորաձև է» արշավի հիմնական ուղերձը տեղում չդոփելու անհրաժեշտությունն է։

«Առաջին երկու լուսանկարում 2013 թվականի հուլիս ամսվա հայկական մամուլի հրապարակումներն են։ Հաջորդ երկու լուսանկարում 2025 թվականի հունվար ամսվա հայկական մամուլի հրապարակումներն են։

«Ժպտալով վճարում ենք 100 դրամ և իջնում»,- կոչ է արվում 2013 թվականի հուլիսին։

«Մենք նաև որոշել ենք բոյկոտի ձևը՝ դնում ենք 100 դրամ ու անցնում»,- ասվում է 12 տարի անց՝ այսօր։

#կրթվելընորաձևէ արշավի նպատակը սովորելն է տասնամյակներով տեղում չդոփել։

Որպեսզի քաղաքական գործիչը կամ դրան հավակնողը տեղում չդոփի և տասնամյա հնության բառամթերքով չխոսի։ Որպեսզի լրատվամիջոցները տեղում չդոփեն և տասնամյա հնության հմտություններով չաշխատեն, երբ նյութերի ամսաթվերին չնայելու դեպքում չես էլ կռահի, որ դրանց միջև մեկ տասնամյակ կա։

Որպեսզի պատկան մարմինները տեղում չդոփեն և նույն մարտահրավերին նույն կերպ չարձագանքեն։ Կամ առհասարակ՝ բոլոր մարտահրավերներին նույն կերպ չարձագանքեն, և վերջապես, որպեսզի մեր սոցիալական վիճակը տեղում չդոփի, և տասնամյակները գլորվելով չանցնեն, իսկ 100 դրամը անխախտ և աներեր մնա իր դիրքում․

Մենք պետք է միասին սովորենք տեղում չդոփել, սովորենք սովորել, սովորենք ժամանակի հետ քայլել, սովորենք հարստանալ և հարստացնել, սովորենք փոխվել, սովորենք քարտով վճարել, սովորենք հայտարարագիր լրացնել, սովորենք իրար օգնել, սովորենք խուճապի չմատնվել, սովորենք լավ ապրել, սովորենք լավ ապրելու համար վճարել»,- գրել է Աննա Հակոբյանը։

Փետրվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրային տրանսպորտի նոր սակագինը։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ տրանսպորտի ուղեվարձի վճարման 4 եղանակ է նախատեսված՝ տրանսպորտային քարտով, QR կոդով, բջջային հավելվածի միջոցով և բանկային քարտով։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հանդես է գալիս փետրվարի 1–ից տրանսպորտում ուղեվարձի թանկացումը բոյկոտելու կոչով, հայտարարել է, որ թանկացված ուղեվարձը չվճարելու համար 50,000 դրամ տուգանելու օրենսդրական որևէ դրույթ չկա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---