21 հունվարի 2025 - 18:18 AMT
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք կընդունվի․ Երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները

Հայաստանում առաջին անգամ կընդունվի «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք, որով երիտասարդական քաղաքականությունը կներառի 13-35 տարեկան անձանց՝ արձագանքելով ժողովրդագրական ու սոցիալական կարիքներին։ Նախագիծը քննարկվել է Ազգային ժողովում։

Նոր օրենքով երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները։

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ փոփոխությունը նպատակ ունի աջակցել երիտասարդության լայն տարիքային խմբին՝ արձագանքելով նրանց զարգացման տարբեր փուլերում ի հայտ եկող կարիքներին։

«Օրենքում երիտասարդական պետական քաղաքականությունը սահմանվում է որպես Կառավարության կողմից ընդունված ծրագրերի եւ միջոցառումների համակարգ` միտված երիտասարդների կարողությունների բացահայտմանը, զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների եւ նախասիրությունների բավարարմանը, երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը եւ այդ լուծումների շուրջ հանրային խոսույթի ձեւավորմանը, ինչպես նաեւ քաղաքական, սոցիալտնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության մակարդակի բարձրացմանը»,- ասել է զեկուցողը:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: