Զատուլին․ Բաքվում ընթացող «ցուցադրական դատավարությունը» Ալիևի անձնական վերժխնդրության դրսևորում է

Զատուլին․ Բաքվում ընթացող «ցուցադրական դատավարությունը» Ալիևի անձնական վերժխնդրության դրսևորում է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի գծով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն, անդրադառնալով Բաքվում ընթացող Արցախի նախկին ղեկավարների շինծու դատավարությանը, նշել է, որ այդ ցուցադրական դատավարությունն Ադրբեջանի նախագահի անձնական վրեժխնդրությունն է։

Զատուլինը նշել է, որ հարուցված 1389 քրեական գործերով մեղադրյալների շարքում նաև իր ընկերներն են՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Նա հավելել է, որ նրանց թվում է նաև ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը «հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից՝ կիսելու համար Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը»։

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչությունը, ավելի քան 100,000 մարդ, լքել է իր տները, եկեղեցիներն ու պապենական գերեզմանները՝ փախչելով Հայաստան։ Զատուլինի խոսքով, դա լիովին արդարացված էր՝ հաշվի առնելով այն, ինչ այսօր տեղի է ունենում Բաքվում։

Նա նշել է, որ թուրքական հեռուստաալիքներն այդ օրերին 24 ժամ շարունակ հեռարձակում էին հայերի բռնագաղթը Ղարաբաղից։

«Սա 21-րդ դարի խայտառակությունն է՝ թեկուզ ավելի փոքր մասշտաբով կրկնելով 20-րդ դարասկզբի հայերի կոտորածի սարսափները», - ընդգծել է Զատուլինը։

Ըստ Զատուլինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մատը մատին չի տվել նրանց ազատելու համար»։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «ողբերգության ստվերն ընկնում է նաև ՌԴ վրա, որ խաբվեց իր խաղաղապահ առաքելությամբ»։

Նա հավելել է, որ ռուս-հայկական «Լազարևի ակումբի» խորհուրդը Բաքվի դատավարության վերաբերյալ հայտարարություն է պատրաստում։

Բաքվի զինվորական դատարանում հունվարի 17-ին մեկնարկել է Արցախից գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների դատավարությունը։ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, բարձրաստիճան զինվորականներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին առաջադրվել են ծանր մեղադրանքներ։

Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուս գործերից, և նա արդեն հայտարարել է, որ իրեն սպառնում է ցմահ ազատազրկում։ Նա հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---