Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Մայքլ Ուոլցին և կարևորել ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Մայքլ Ուոլցին և կարևորել ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նորանշանակ խորհրդական Մայքլ Ուոլցին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Գրիգորյանը նշել է, որ Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն ու Հայաստանը պատրաստակամ է այդ հարցում:

«Հաջողություններ եմ մաղթել Ուոլցին իր գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն ու Հայաստանը պատրաստակամ է այդ հարցում:

Որպես ձեռքբերում նշել եմ հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը և կարևորել երկկողմ փոխշահավետ օրակարգի առաջմղումը»,–ասվում է գրառման մեջ։

Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ՝ ամրապնդելով երկու երկրների համագործակցությունը։

Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։

 Ուշագրավ
---