Միջազգային կազմակերպությունները կոչ են անում ԵԽԽՎ-ին՝ չվերականգնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

Միջազգային կազմակերպությունները կոչ են անում ԵԽԽՎ-ին՝ չվերականգնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

PanARMENIAN.Net - Տասը միջազգային իրավապաշտպան կազմակերպություն դիմել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին` ԵԽԽՎ-ին, առաջարկելով չվերականգնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները:

Նրանք նաև պահանջում են մշակել հստակ չափորոշիչներ, որոնք կորոշեն՝ արդյոք լիազորությունները կարող են վերականգնվել ապագայում, հայտնում է Turan.az-ը։

«Մենք, ներքոստորագրյալներս, կրկին կոչ ենք անում ԵԽԽՎ-ին՝ հաստատել Ադրբեջանի լիազորությունների կասեցումը 2025 թվականի հունվարյան նստաշրջանում և մշակել հստակ ու չափելի չափորոշիչներ դրանց վերականգնման համար»,- նշված է դիմումում։

Հեղինակները փաստում են, որ Բաքուն մշտապես խուսափում է միջազգային կառույցների հետ համագործակցությունից և չի լուծում մարդու իրավունքների զանգվածային խախտումները։ Մասնավորապես, նշվում է, որ վերջին տարվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունները դադարեցրել են համագործակցությունը Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ։

Նշվում է նաև, որ 2023 թվականի նոյեմբերից և 2024-ի COP29 գագաթնաժողովից հետո Ադրբեջանում ուժեղացվել են ճնշումները՝ ուղղված քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների և ընդդիմադիր գործիչների դեմ։ Իրավապաշտպանները վստահ են, որ ձերբակալություններն իրականացվում են քաղաքական դրդապատճառներով։

Դիմումում նշվում են ակտիվիստների և ընդդիմադիրների դեմ հարուցված գործերը, որոնց թվում են՝ Աֆյադդին Մամեդովը, Բախտյար Հաջիևը, Ռաիլ Աբբասովը, Իլհամիզ Գուլիևը, քաղաքական վերլուծաբան Ազեր Գասիմլին, իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը, Անար Մամեդլին, ինչպես նաև երիտասարդ հետազոտողներ Իգբալ Աբիլովը և Բահրուզ Սամեդովը։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներից հիշատակվում են Գուբադ Իբադօղլուն, Թոֆիկ Յագուբլուն և Ակիֆ Գուրբանովը։ Արձանագրվել են նաև անկախ լրատվամիջոցների լրագրողների հետապնդման դեպքեր՝ Abzas Media, Toplum TV, Meydan TV և Kanal-13։

Ակտիվիստների և լրագրողների համար կիրառված ելքի արգելքները ևս փաստաթղթավորված են։

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների վերականգնման համար դիմումի հեղինակները կարևորում են ձերբակալված բոլոր ակտիվիստների անհապաղ ազատ արձակումը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների ամբողջական կատարումը։

Փաստաթղթում շեշտվում է նաև, որ Ադրբեջանը պետք է վերսկսի համագործակցությունը ԵԽԽՎ զեկուցողների հետ և ապահովի միջազգային դիտորդների մուտքը կալանավայրեր։ Բացի այդ, անհրաժեշտ է չեղարկել իրավապաշտպան ՀԿ-ների գործունեությունը սահմանափակող օրենքները՝ ստեղծելով պայմաններ քաղաքացիական հասարակության անկախ աշխատանքի համար։

Կոչը ստորագրել են՝ Ադրբեջանում ճնշումների դադարեցման արշավը, Լրագրողների պաշտպանության կոմիտեն, Freedom Now, Մարդու իրավունքների տների հիմնադրամը, Human Rights Watch-ը, Մարդու իրավունքների միջազգային դաշնությունը (FIDH), Մարդու իրավունքների միջազգային գործընկերությունը, Նիդեռլանդների և Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեները և Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT)։

ԵԽԽՎ–ն 2024–ի հունվարի 24–ին մեկ տարի ժամկետով չէր հաստատել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները ԵԽ առջև «իր հիմնական պարտավորությունները չկատարելու», ինչպես նաև արտահերթ նախագահական ընտրություններին դիտորդների չհրավիրելու համար։ Օգոստոսին Ադրբեջանում արգելել են որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների մուտքը երկիր։ Որոշմանը կողմ էր քվեարկել 76 պատգամավոր, դեմ՝ 10–ը, «ձեռնպահ»՝ 4–ը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---