Միրզոյանը՝ ԱՄՆ հետ համաձայնագրի մասին․ Փրկիչներ չենք գտել

Միրզոյանը՝ ԱՄՆ հետ համաձայնագրի մասին․ Փրկիչներ չենք գտել

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթին՝ շեշտելով, որ այն չի կարող դիտարկվել որպես փրկության միջոց:

«ԱՄՆ հետ ստորագրված փաստաթղթով փրկիչներ չենք գտել»,– ասել է նա:

Նախարարը նշել է, որ այս փաստաթուղթը հասարակական արձագանքներում դարձել է մանիպուլյացիաների առարկա, որոնք հաճախ նկատելի չեն անզեն աչքով:

«Մի խումբ մարդիկ ասացին, թե վերջ՝ փրկվեցինք։ Ժողովուրդ ջան, չփրկվեցինք ու ընդհանրապես պետք չէ փրկիչներ ման գալ։ Ինչպես առաջ պետք չէր փրկիչներ ման գալ հյուսիսում, այնպես էլ հիմա պետք չէ փրկիչներ փնտրել հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում կամ որևէ տեղ։ Եթե մենք փրկվելու ձև ունենք, մենք ինքներս այնպես պետք է անենք, որ և փրկվենք, և զարգանանք, և ամրանանք»,– նշել է նախարարը:

Միրզոյանն ասել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն տարիներ շարունակ ռազմավարական երկխոսություն են ունեցել, որը իրականացվել է հանձնաժողովի միջոցով: Նա հավելել է, որ նոր փաստաթուղթը այդ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու արդյունք է:

Նախարարը հերքել է այն պնդումները, թե փաստաթուղթը ռազմական դաշինք է, և անլուրջ է համարել այն տեսակետները, թե Մոսկվան և Թեհրանը կպատժեն Հայաստանը այդ փաստաթղթի համար:

«Մենք առաջնորդվում ենք բացառապես ՀՀ շահով։ Մենք սուվերեն երկիր ենք և բոլոր երկրների հետ էլ ուզում ենք զարգացնել մեր հարաբերությունները ու մենք ենք որոշում՝ ում հետ և ինչքան։ Ում հետ էլ ունենք վատ հարաբերություններ, փորձում ենք կարգավորել՝ կրկին առաջնորդվելով ՀՀ-ի շահով»,– ասել է Միրզոյանը:

Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ՝ ամրապնդելով երկու երկրների համագործակցությունը։

Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։

 Ուշագրավ
---