ՄԻԵԴ որոշում․ Խախտվել է դատավոր Սուրեն Անտոնյանի արդար դատաքննության իրավունքը

ՄԻԵԴ որոշում․ Խախտվել է դատավոր Սուրեն Անտոնյանի արդար դատաքննության իրավունքը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ–ը, հրապարակել է «Անտոնյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով վճիռը՝ ճանաչելով, որ խախտվել է դատավոր Սուրեն Անտոնյանի արդար դատաքննության իրավունքը: Հայաստանը պարտավորվել է նրան վճարել 3600 եվրո ոչ նյութական վնասի և 1420 եվրո ծախսերի համար։

Սուրեն Անտոնյանը, ով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր էր 2009-ից, 2022 թվականին զրկվել է լիազորություններից՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կողմից կարգապահական խախտումների հիմքով: Որոշումը վիճարկելով՝ նա դիմել է ՄԻԵԴ, հայտնում է Infocom.am-ը։

ՄԻԵԴ-ն իր որոշման մեջ ընդգծել է, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի սերտ անձնական հարաբերությունները կասկածներ են հարուցել Անդրեասյանի անաչառության վերաբերյալ։

«Կ.Ա.-ն անմիջապես չի տեղեկացրել ԲԴԽ-ին իր ընկերության և կնոջ բիզնես կապերի մասին Գ.Մ.-ի հետ, ինչպես պահանջվում էր Դատական օրենսգրքի 71-րդ և 88-րդ հոդվածներով՝ իր ինքնաբացարկի հարցը քննարկելու նպատակով: Նույնիսկ Կ.Ա.-ի և Գ.Մ.-ի միջև ուղղակի ֆինանսական կապի բացակայության պայմաններում, այն փաստը, որ նրանք ընկերներ էին, և որ Կ.Ա.-ի կինը և Գ.Մ.-ն ունեին համատեղ բիզնես շահեր, պետք է զգուշացներ նրան, որ իր անաչառությունը կարող է կասկածի տակ դրվել, և պետք է հանգեցներ 71(1) հոդվածով նախատեսված ծանուցման»,- նշված է վճռում։

Դատարանը նշել է նաև, որ ԲԴԽ-ի կողմից ներկայացված փաստարկները բավարար չեն եղել՝ փարատելու դիմումատուի կասկածները։ Մասնավորապես, ԲԴԽ-ն անդրադարձել է միայն Կ.Ա.-ի կնոջ և Գ.Մ.-ի տնտեսական կապերին, սակայն չի անդրադարձել Կ.Ա.-ի և Գ.Մ.-ի սերտ անձնական հարաբերությունների և դրանց՝ որոշումների վրա հնարավոր ազդեցության մասին դիմումատուի փաստարկներին։

ՄԻԵԴ-ն ընդգծել է, որ Կ.Ա.-ն եղել է ԲԴԽ-ի նախագահը և դիմումատուի գործի զեկուցողը՝ ղեկավարելով քննարկումները։ ԲԴԽ-ի այն փաստարկը, որ Կ.Ա.-ն ընդամենը մեկ անդամն էր ութ հոգանոց կազմից, և որոշումը կայացվել է միաձայն, ՄԻԵԴ-ի համար համոզիչ չի եղել։ Դատարանը վկայակոչել է այլ նախադեպեր՝ նշելով, որ Կ.Ա.-ի դերակատարությունը այս գործով զգալի էր, ինչը կասկածի տակ է դրել ամբողջ գործընթացի անաչառությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---