Փաշինյանը խոսել է աշխարհի առաջատար կառավարություններին զիջելու և դանդաղ աշխատելու պատճառների մասին

Փաշինյանը խոսել է աշխարհի առաջատար կառավարություններին զիջելու և դանդաղ աշխատելու պատճառների մասին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է այն հարցին, թե ինչով է Հայաստանի կառավարությունը զիջում աշխարհի առաջատար կառավարություններին։ Վարչապետը հիմնավորված է համարել քննադատությունը կառավարության դանդաղ աշխատանքի վերաբերյալ՝ նշելով, որ ծրագրերը հաճախ դանդաղ են իրականացվում։ Միաժամանակ, ըստ նրա, նման խնդիրներ ունեն աշխարհի բոլոր կառավարությունները։

«Հայաստանի կառավարությունը ավելի դանդաղ է աշխատում, քան աշխարհի լավագույն կառավարությունները, որովհետև երկու կարևոր չափորոշիչով զիջում է նրանց. նախ՝ մեր կադրերի մասնագիտական հմտությունների մակարդակը պակաս է աշխարհի առաջատար կառավարությունների համեմատ, և երկրորդ՝ պետական կառավարման համակարգում աշխատանքի վարձատրությունն անհամեմատ ցածր է»,- ընդգծել է Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը։

Վարչապետը պարզաբանել է, որ մասնագիտական մակարդակի այս պակասը պայմանավորված է Հայաստանում կրթության մակարդակի ոչ բավարար որակով, ինչի պատճառով պետությունն ի վիճակի չէ պատրաստել բարձրակարգ մասնագետներ։ Բացի այդ, ըստ նրա, այն մարդիկ, ովքեր ունեն անհրաժեշտ մասնագիտական որակներ, հաճախ չեն համաձայնում աշխատել պետական համակարգում 200, 300, 400, կամ նույնիսկ 500 հազար դրամով, քանի որ մասնավոր հատվածում կարող են ստանալ այդ գումարից 10 անգամ ավելի բարձր աշխատավարձ։

«Սա հայրենասիրության խնդիր չէ»,– ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ շատերը իրենց կրթության համար պարտքեր են վերցրել կամ նույնիսկ տուն վաճառել։ Նա նաև նշել է, որ եթե կառավարությունը որոշի բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձերը, հասարակության դժգոհության ալիք կբարձրանա։

 Ուշագրավ
---