Գևորգ Կոստանյանը ստացել է ՌԴ քաղաքացիություն և շինարարական բիզնես հիմնել

Գևորգ Կոստանյանը ստացել է ՌԴ քաղաքացիություն և շինարարական բիզնես հիմնել

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Կոստանյանը, որը 2019 թվականից հետախուզման մեջ է գտնվում, ստացել է ՌԴ քաղաքացիություն և 2022 թվականից հաշվառված է Մոսկվայում, հայտնում է «Հետքը»։

2019 թվականին Գևորգ Կոստանյանն իր գործընկեր Հայկ Գրիգորյանի հետ Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքում հիմնել է «Բլագոստրոյ Սերվիս» ՍՊԸ-ն։ Ընկերությունը գրանցված է եղել սվաղի և այլ շինարարական աշխատանքների ուղղությամբ։ 2020 թվականին Կոստանյանը դարձել է ընկերության միակ սեփականատերը, սակայն 2024 թվականի հոկտեմբերին դուրս է եկել ընկերությունից՝ փոխանցելով իր բաժնեմասը Դմիտրի Միխալյովին։ Նշվում է, որ ընկերությունն իր գոյության ընթացքում փաստացի գործունեություն չի ծավալել։

Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնը թողնելուց հետո՝ 2017-2019 թթ., եղել է ԱԺ պատգամավոր Հանրապետական կուսակցությունից։ Սակայն 2019 թվականի սեպտեմբերին նա հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե)՝ մարտի 1-ի գործով։ Կոստանյանը հայտնել էր, որ գտնվում է արտերկրում և պատրաստվում է վերադառնալ 15-20 օրվա ընթացքում։ Այդուհանդերձ, երբ նոյեմբերին նա ներգրավվել էր որպես մեղադրյալ, իր գտնվելու վայրը հայտնելով Մոսկվայում, չէր համաձայնել 48 ժամում ներկայանալ ՀՔԾ։ Նա նշել էր, որ պայմանագիր ունի ՌԴ դատախազության համալսարանում դասախոսելու վերաբերյալ։

Այս հայտարարություններից հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարեց հետախուզում, և դատարանը որոշեց որպես խափանման միջոց կիրառել կալանքը։ Կոստանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու և այլ ծանր հանցագործությունների դրդելու մեջ։

Բացի քրեական հետապնդումից, նրա դեմ 2023 թվականի հունվարին նաև հայց է ներկայացվել գույքի բռնագանձման վերաբերյալ։ Ըստ դատախազության հայցի՝ պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, որի շուկայական արժեքը կազմում է մոտ 363 միլիոն դրամ։ Նմանատիպ պահանջ է ներկայացվել նաև մի քանի այլ գումարների բռնագանձման համար, որոնք համարվում են ապօրինի եկամուտ։

Կոստանյանը հաշվառված է Մոսկվայի Նամյոտկին 18 հասցեում՝ շենքում, որը կառուցվել է Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբի կողմից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---