ՌԴ դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել

ՌԴ դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել

PanARMENIAN.Net - Բաքվում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հունվարի 28-ին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ ռուսական մամուլում և որոշ ռուս պաշտոնյաների կողմից տարածվող ապատեղեկատվական բնույթի նյութերն ու Ադրբեջանին բացասական լույսի ներքո ներկայացնող հայտարարությունները թերըմբռնում են առաջացնում, գրում է ԱՊԱ-ն։

ԱԳՆ-ն նշել է, որ նման հրապարակումները հակասում են Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի բովանդակությանը և ոգուն։

Նշվել է, որ ավարտվել է AZAL ինքնաթիռի կործանման նախնական հետաքննությունը։ Նախարարությունն ընդգծել է, որ ընթանում է հետաքննության ամբողջական ավարտի գործընթացը, և Ադրբեջանը հստակ ներկայացրել է իր սպասելիքները Ռուսաստանի կողմից այս գործի վերաբերյալ։

Բացի այդ, ԱԳՆ-ում մեկնաբանել են տեղական մամուլում տեղ գտած հրապարակումները, որոնք վերաբերում են «Ռուսական տանը»։ Հայտարարվել է, որ այդ տեղեկատվությունը չի արտացոլում երկրի պաշտոնական դիրքորոշումը։ Միաժամանակ ընդգծվել է, որ նման կազմակերպությունների գործունեությունը Ադրբեջանում պետք է իրականացվի փոխադարձության սկզբունքով և համապատասխան երկրի օրենսդրության պահանջներին։

Հունվարի 7-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպման է հրավիրել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին։ Գալուզինը կարևորել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցումը «ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով՝ հիմնված 2022 թվականի փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված հռչակագրի վրա»։

Այս համատեքստում տարակուսանք է արտահայտվել ադրբեջանական լրատվամիջոցներում վերջերս տեղ գտած հակառուսական հրապարակումների շարքի, ինչպես նաև Բաքվի Ռուսական տան դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչության վերաբերյալ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---