ԵԽ պատգամավորը գրավոր հարցում է հղել Կալասին Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ![]() 29 հունվարի 2025 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանի ձախերի խմբակցության անդամ, Իսպանիան ներկայացնող բասկ պատգամավոր Պեռնանդո Բառենա Արզան գրավոր հարցում է ներկայացրել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և պատասխաններ պահանջել ԵՄ բարձրագույն դիվանագետից՝ բարձրացնելով Ադրբեջանում պահվող քաղաքական բանտարկյալների և հայ գերիների ճակատագրի հետ կապված լուրջ մտահոգություններ։ «2020 թվականից ի վեր Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով պահել 23 հայ գերիների, որոնք ենթարկվում են նվաստացուցիչ վերաբերմունքի», - նշված է հարցման մեջ, գրում է Արմենպրեսը։ Իր հարցման մեջ եվրոպացի պատգամավորը հղում է կատարել անկախ աղբյուրներին, ըստ որոնց՝ Ադրբեջանում ավելի քան 300 քաղաքական բանտարկյալներ, այդ թվում՝ հայտնի գործիչներ, ինչպիսիք են դոկտոր Գուբադ Իբադօղլուն և Անար Մամադլին, պահվում են անմարդկային պայմաններում՝ զրկված լինելով անհրաժեշտ բժշկական օգնությունից, Պատգամավորը պահանջում է պարզաբանումներ այն մասին, թե արդյոք դեկտեմբերի 4-ին Մալթայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը պահանջել է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը և արդյոք առաջնահերթություն է տրվել մարդու իրավունքներին։ Նա նաև հետաքրքրվել է՝ Ադրբեջանից պահանջվել է արդյոք վերջնաժամկետ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման համար և ԵՄ-ն արդյոք զգուշացրել է ադրբեջանական պաշտոնյաներին նրանց դեմ հնարավոր պատժամիջոցների մասին, ինչպես բազմիցս պահանջել է Եվրոպական խորհրդարանը։ Այս հարցադրումներով եվրախորհրդարանականը ընդգծում է ԵՄ-ի առջև ծառացած մարտահրավերները՝ կապված Ադրբեջանի հետ դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների, հատկապես՝ էներգետիկ համագործակցության և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ աճող մտահոգությունների հետ։ Պատգամավորն իր հարցման պատասխանն առայժմ չի ստացել։ 2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում կայացել է Արցախի ղեկավարների գործով դատավարության առաջին նիստը։ Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |