Մանրածախ առևտրի ավտոմատացումը Հայաստանում․ Սթրեսից դեպի բիզնեսի զարգացում

Մանրածախ առևտրի ավտոմատացումը Հայաստանում․ Սթրեսից դեպի բիզնեսի զարգացում

PanARMENIAN.Net - Մանրածախ առևտուրը Հայաստանում ամենատարածված բիզնեսներից է՝ ապրանքները գնում-վաճառում են տեղում կամ ներմուծում ու իրացնում փոքր քանակներով։ Այս բոլոր գործընթացները կարիք ունեն հաշվառման՝ ներառյալ ֆինանսների, ապրանքային մնացորդների, ժամկետների, եկամուտների և հարկերի ճշգրիտ հաշվարկը։ Սակայն, ինչպես նշել է Como Code ընկերության հիմնադիր Գարեգին Սարգսյանը, բիզնեսի ավտոմատացման մշակույթը մեր երկրում դեռևս խիստ թերի է, ինչը խոչընդոտում է ոլորտի զարգացմանը։

Ավտոմատացման բացակայության խնդիրները

Գարեգին Սարգսյանը բերել է մի կոնկրետ օրինակ, երբ Սպիտակում գտնվող սննդի կետում նկատել է, թե ինչպես են ձեռքով հաշվարկներ կատարում՝ մատյաններով ու գրիչով։

«Երբ սնունդ պատվիրեցի ու նստեցի` տեսա, որ մի կին հաշվիչով արագ ինչ-որ բան է հաշվում և մատյաններ թերթում։ Շատ համեղ ուտեստներ էին, բայց համակարգ չկար։ Ընկերոջս ասացի՝ եթե այս սննդի կետը մոտակա մեկ տարում ավտոմատացված համակարգ չներդնի, ապա, հավանաբար, կփակվի, որովհետև թուղթ ու գրիչով անհնար է ամեն ինչ վերահսկել՝ անգամ տարրական թվացող սննդի, նյութածախսի հաշվարկները, վատնումները, գողությունը և այլն»,-պատմել է նա։

Մի քանի ամիս անց նույն վայրը կրկին այցելելով՝ նա նկատել է, որ բիզնեսը ակնհայտորեն փոխվել է։

«Չգիտեմ ինչն էր դրդել նրանց, բայց արդեն վաճառքները կառավարում էին ծրագրով և տնօրենը բավարար ազատ ժամանակ ուներ խանութի ներսում բարելավումներ կատարելու՝ սեղաններ էր ավելացրել, դրանք այլ կերպ դասավորել, և այս ամենի շնորհիվ հաճախորդների թիվը մեծացել էր, իսկ ուտեստների տեսականին՝ ընդլայնվել»,–ասել է նա։

Այս փոփոխությունները ցույց են տալիս, որ ավտոմատացումը ոչ միայն պարզեցնում է հաշվառումը, այլև բիզնեսի սեփականատիրոջը հնարավորություն է տալիս կենտրոնանալ ավելի ստեղծարար աշխատանքի վրա, քան թվերի պարզ հաշվարկն է․ նա հենց համակարգի օգնությամբ սկսում է նկատել՝ ինչն է ավելի լավ վաճառվում, ինչն է պետք ավելացնել, պակասեցնել, ինչից են հաճախորդները գոհ կամ դժգոհ և այլն, ինչը, բնականաբար, ավելացնում է շահույթը։

Պետական օրենսդրական կարգավորումների ազդեցությունը մանրածախ բիզնեսի վրա

Վերջին շրջանում ՀՀ կառավարությունը օրենսդրական նոր փոփոխություններ է ներմուծել, որոնք պարտադրում են մանրածախ առևտրին ոչ միայն QR-ով հաշվառել շշալցված խմիչքները, ծխախոտը, այլև ֆիքսել իրենց ապրանքային մնացորդները, որպեսզի ստուգման ժամանակ դա հիմք համարեն։ Սա անելու համար հաշվառման ավտոմատացված ծրագրերի ներդրումն անհրաժեշտություն է դարձել։

Սարգսյանի խոսքով՝ շատ խանութների սեփականատերերին օրենքի այս փոփոխությունը կարող է թվալ խստություն, բայց իրականում այն կստիպի մարդկանց ավելի ճիշտ ղեկավարել իրենց բիզնեսները։ Երբ խանութը ավտոմատացված չէ՝ սեփականատերը չի կարող վստահ լինել իր եկամուտների հարցում, քանի որ պարբերաբար կարող են լինել սխալ հաշվարկներ, գողություն կամ վատնում։

Մի շարք խանութներ օրենքը շրջանցելու ձև են մտածել՝ ավտոմատացված ծրագրերով հաշվառման փոխարեն QR-ի համար ձևականորեն համակարգիչ են կիրառում՝ վաճառքի գումարը ստանում կանխիկ, բայց այս մոտեցումը, ըստ Սարգսյանի, երկարաժամկետ հեռանկարում միայն վնասելու է նրանց․

«Հենց մեր գրասենյակի մոտ մի խանութ կա, որտեղ ձևականորեն QR են ճտտացնում համակարգչով, բայց իրական վաճառքները հաշվում են հաշվիչով ու կանխիկ ստանում գումարը։ Սա իրականում շատ սխալ մոտեցում է, որովհետև այդպես ոչ միայն պետությանն են խաբում, այլև իրենք իրենց և թույլ չեն տալիս, որ բիզնեսը զարգանա։ Բանն այն է, որ երբ թաքցնում ենք ապրանքը կամ եկամուտը՝ ստիպված ենք այդ խանութի գլխին կանգնել, քանի որ չենք կարող վաճառող ունենալ, որովհետև վաճառողն էլ կիմանա, որ մենք թաքցնում ենք, հաշվառում չենք պահում և ինքն ինչ ուզի՝ կարող է դնել գրպանը և տանել, այդ թվում՝ վաճառքի գումարը։ Այսինքն, բիզնեսը մնում է փոքրիկ, մինչև որ կողքին կբացվի մի խոշոր սուպերմարկետ և հենց որ բացվի՝ այդ խանութը կփակվի, որովհետև այդ ձևով բիզնես կառավարելը անարդյունավետ է»,-ասել է նա։

Այս օրենքների ընդունումը Գարեգին Սարգսյանի համար ուրախալի է, քանի որ կզարգանա ավտոմատացման մշակույթը և բիզնեսի տերերը կմտածեն իրենց գործունեությունն ընդլայնելու մասին, ոչ թե ամբողջ օրը վախեցած կհետևեն, որ գողություն ու վատնում չլինի։ Նրա հիմնած Como Code ընկերությունը մանրածախ առևտրի ծրագիր է տրամադրում, որն ընդգրկում է հաշվառման ամբողջական գործընթացը՝ ներառյալ ապրանքների ձեռքբերման, ինքնարժեքի, պահեստի, վաճառքների և եկամուտների հաշվարկը։

Նա ընդգծել է. «Մեր մանրածախ առևտրի ծրագիրը հնարավորություն է տալիս խանութներին վերահսկել իրենց ապրանքային մնացորդները, ապահովել հաշվետվողականությունը և կանխել կորուստները։ Այն հնարավորություն է տալիս ավտոմատացնել դրամարկղային համակարգերը, ինտեգրել բանկային հաշիվները և POS տերմինալները, ինչպես նաև պարզեցնել հաճախորդների սպասարկումը»։

Բացի այդ, համակարգը թույլ է տալիս վերլուծել վաճառքները, կիրառել XYZ և ABC անալիզներ և ավտոմատ կերպով ստեղծել հաշվետվություններ՝ տնօրեններին տրամադրելով անհրաժեշտ ինֆորմացիան օրվա եկամուտների, ծախսերի և ապրանքների շրջանառության վերաբերյալ անգամ եթե նրանք հանգստի վայրում են և դրան հետևում են հեռախոսով։

Հայաստանը՝ ավտոմատացման զարգացման ճանապարհին

Ավտոմատացման ոլորտում առաջատարը ԱՄՆ-ն է, ապա Եվրոպան՝ նշել է Գարեգին Սարգսյանը։

Կոնկրետ մանրածախ առևտրի ոլորտում ամերիկյան Walmart ընկերությունը տասնյակ տարիներ առաջ վերլուծության շատ մեծ համակարգ է ներդրել, նա նաև հավատարմության ծրագրի առաջին ջատագովներից է եղել։ «Մաքդոնալդսի» ցանցն, օրինակ, հենց առաջին օրվանից է ավտոմատացված եղել՝ ոչ միայն վաճառքների կառավարումը, այլև ընդհանուր բիզնեսը առավելագույնս ավտոմատացված է։

Սարգսյանը նշել է, որ ավտոմատացման մակարդակով Հայաստանը թեև դեռ բավականին հետ է եվրոպական և ամերիկյան շուկաներից, սակայն կան բոլոր հնարավորություններն այս գործընթացը զարգացնելու համար։

«Եթե մենք Como Code-ի ծրագրերը թարգմանենք և ներկայացնենք եվրոպական շուկայում, ապա այն լիովին համադրելի կլինի տեղի ծրագրերի հետ։ Մենք ուսումնասիրել ենք միջազգային լավագույն փորձը և այդ մեթոդները ներմուծել մեր համակարգեր։ Ցավոք սրտի, մեր երկրում այդ մշակույթը զարգացած չէ, որ մերոնցից քաղեինք փորձը և մերոնց հետ մրցեինք՝ ստիպված դրսի համակարգերն ենք ուսումնասիրել և այն հետաքրքիր ֆունկցիաները, որոնք կարող են մեր շուկայում աշխատել՝ ներդրել ենք մեր համակարգերում»,-ասել է նա։

Պետք է հասկանալ, նշել է Սարգսյանը, որ ավտոմատացումը ոչ թե հավելյալ ծախս է, այլ ներդրում, որը բերում է եկամտի աճի։

Ավտոմատացման մշակույթը՝ մանրածախ առևտրի զարգացման անկյունաքար

Մանրածախ առևտրի ավտոմատացումը Հայաստանում ոչ միայն անհրաժեշտություն է, այլև զարգացման անկյունաքար։ Պետական քաղաքականությունն աստիճանաբար ուղղորդում է բիզնեսներին դեպի թվայնացում, սակայն սեփականատերերը պետք է գիտակցեն, որ դա իրենց համար նաև մեծ հնարավորություններ է ստեղծում։

Ինչպես նշել է Գարեգին Սարգսյանը՝ պետք է անցնել ավտոմատացման մշակույթին, որպեսզի կարողանանք զարգացնել մանրածախ առևտուրը և այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---