Դավիթ Վարդանյան․ Չնայած խոշտանգումներին և սպառնալիքներին՝ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարևոր է հորս համար![]() 3 փետրվարի 2025 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, Ֆրանսիայում գործող AYPFM հայկական ռադիոյին տված հարցազրույցում խոսել է իր հոր դատավարության, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության կարևորության և միջազգային արձագանքի մասին: Նա ասել է, որ չնայած խոշտանգումներին և Բաքվում իր հասցեին հնչող սպառնալիքներին՝ Ռուբեն Վարդանյանն իր ընտանիքին հայտնել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարցն իր համար առաջնային է, գրում է Panorama.am-ը։ «Հայրս վճռական է, անդրդվելի, և պատրաստ է՝ անկախ բոլոր վտանգներից, բարձրաձայնել ճշմարտությունը։ Հունվարի 17-ին՝ դատավարության առաջին օրը, նա Ադրբեջանի դատարանին առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել հակամարտության բոլոր զոհերի հիշատակը՝ անկախ նրանց ազգությունից։ Չնայած ստեղծված իրադրությանը և հայերի հանդեպ անարդար վերաբերմունքին՝ հայրս ցանկանում է ընդգծել, որ մեր միակ տարբերակը խաղաղ աշխարհում ապրելն է, բանակցելն ու միմյանց հասկանալը»,–ասել է նա։ Նա նշել է, որ այս դատավարությունը սովորական, բաց դատավարություն չէ, Ադրբեջանում արդարադատության համակարգ գոյություն չունի, ահա թե ինչու հայ ռազմագերիների միակ պաշտպանությունը կարող է լինել միջազգային հանրության և դեմոկրատական երկների կառավարությունների գործողությունները: «Օրինակ՝ հայրս ինձ ասել է, որ իր փաստաբանը չի կարողանում հավուր պատշաճի պատրաստել իր պաշտպանությունը, ահա թե ինչու Ադրբեջանից պետք է պահանջել, որ եթե դատավարությունը բաց է, ապա ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի լրագրողներ պետք է կարողանան գնալ Ադրբեջան, ներկա գտնվել այդ նիստերին և լսեն, թե ինչ է իրականում տեղի ունենում այնտեղ, որովհետև չնայած հայտարարված «բաց դատավարությանը», միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցներն են դրան մասնակցում: Երկրորդ բանը կարող է լինել կոչը Ֆրանսիայի կառավարությանը՝ ավելի շատ խոսելու Ադրբեջանի այս անարդարություններից և ճնշում գործադրելու Եվրոպական միության վրա, որպեսզի դադարեցնեն բոլոր գործարքները Ադրբեջանի հետ: Դա միայն Հայաստանի և Ադրբեջանի հարցը չէ, դա նաև սեփական քաղաքացիների հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքի հարց է, Ադրբեջանում կա 300-ից ավելի քաղբանտարկյալ, և եթե թույլ է տրվում, որ Ադրբեջանը նման կերպ վարվի հայ ռազմագերիների հետ, վստահ եմ, որ այդ երկիրն ավելին կանի ընդդեմ Հայաստանի, ընդդեմ իր սեփական քաղաքացիների, ֆրանսիացի, եվրոպացի զբոսաշրջիկների դեմ»,–ասել է Դավիթ Վարդանյանը։ Նա հավելել է, որ Ֆրանսիայից բացի հույսեր են կապում նաև ԱՄՆ նոր նախագահի վարչակազմի հետ: «Մենք շատ սպասելիքներ ունեինք ԱՄՆ նախկին նախագահից Ցեղասպանության հետ կապված, նա շատ բան էր խոստացել հայերին, բայց շատ բան չարեց: Դրանք միայն խոսքեր էին, որոնց գործողություններ չհաջորդեցին: Այժմ մենք հույսեր ունենք ԱՄՆ նոր նախագահի վարչակազմի հետ կապված: Դոնալդ Թրամփը գրել էր, որ պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաների իրավունքները, և մենք տեսանք, որ նոր վարչակազմի մաս կազմեցին Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամներից ոմանք: Ես գիտեմ, որ մարդու իրավունքների, հատկապես՝ քրիստոնյաների իրավունքերի հարցը շատ կարևոր է նրանց համար, ահա թե ինչու մենք լիահույս ենք, որ այս վարչակազմը և նախագահ Թրամփը կարող են օգնել հայ ռազմագերիներին այս հարցերում»,–ասել է Վարդանյանի որդին։ Նա պատասխանել է նաև այն հարցին, որ եթե դատավճիռը լինի բացասական, ինչը բավականին հավանական է, մտադի՞ր են դիմել միջազգային դատական ատյաններին՝ ռազմագերիների ազատ արձակման հարցը բարձրացնելու նպատակով։ «Այժմ կարող եմ ասել միայն մեկ բան՝ շարունակելու ենք պայքարել, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը հարգի հայերի իրավունքները։ Դա շատ կարևոր է, սակայն առանց միջազգային քաղաքական աջակցության այդ ջանքերը կարող են անարդյունավետ լինել»,–ասել է Դավիթ Վարդանյանը։ ՎարչապետՆիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս: Նա հավելել է, որ այդ մասին կան հետախուզական տվյալներ և որ նպատակը էսկալացիա հրահրելն է։ Բաքուն ժխտում է այդ մեղադրանքները։ Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |