Ավետիսյան դպրոցն արձագանքել է Փայլանի այցի և թուրքական քարոզչության մասին հրապարակումներին![]() 3 փետրվարի 2025 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Երևանի Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցն արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի այցի և թուրքական քարոզչություն անելու մասին լուրերին։ Նշվել է, որ հանդիպում է կազմակերպվել Փայլանի հետ, ով ութ տարի թուրքական խորհրդարանում, այնուհետև՝ միջազգային հարթակներում, պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ «Ի պատասխան Yerkir.am լրատվական կայքի «Ահազանգ! Թուրքական քարոզչություն Երևանի դպրոցում՝ Կ. Փայլանի մասնակցությամբ» վերնագրով ս.թ. փետրվարի 2-ի հրապարակմանը, որն իր հերթին արտատպվել է նաև այլ լրատվամիջոցների կողմից, հայտնում ենք, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը, ինչպես նաև վերնագիրը պարունակում են ակնհայտ զրպարտություն և չեն համապատասխանում իրականությանը: Հրապարակումից անմիջապես հետո, միջոցառման կազմակերպիչները կապ են հաստատել նյութի հեղինակի հետ և մանրամասնորեն ներկայացրել միջոցառման նպատակն ու բովանդակությունը՝ պատասխանելով նրա բոլոր հարցերին, սակայն վերոնշյալ պարզաբանումները հեղինակի կողմից որևէ կերպ չեն ներկայացվել հանրությանը՝ հերքելու նախորդ նյութում տեղ գտած ապատեղեկատվությունը։ Իրականում, 2025 թ. հունվարի 31-ին Ավետիսյան դպրոցում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ, պոլսահայ գործիչ Գարո Փայլանի հետ, ով ութ տարի թուրքական խորհրդարանում, այնուհետև՝ միջազգային հարթակներում, պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման, Հրանտ Դինքի սպանության հանգամանքները պարզելու և դատապարտելու, ինչպես նաև հայության մի շարք օրակարգային հարցերի հասցեագրման համար: Քանի որ Ավետիսյան դպրոցում գործում է Հրանտ Դինքի անվան լսարանը, որը բացվել է 2017 թ. հունիսի 23-ին՝ Ռաքել Դինքի ձեռամբ, սույն այցելությունը նպատակաուղղված է եղել՝ հարգանքի տուրք մատուցելու Հրանտ Դինքին, ինչպես նաև դպրոցի հետ բաժնեկցելու մեծ հայրենասերի և իր համախոհ ընկերոջ մասին ունեցած հիշողություններ»,–ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Փայլանի այցի մասին նախապես տեղեկացվել է թե՛ ուսուցչական, և թե՛ ավագ դասարանների աշակերտական կազմին, ովքեր պատրաստակամորեն մասնակցել են հանդիպմանը։ «Բոլոր ներկաները խոսնակին ազատ հարցեր ուղղելու և նրա հետ բանավիճելու հնարավորություն են ունեցել: Հարցերի գերակշիռ մասը, ինչպես նշվեց, առնչվել է Հրանտ Դինքի հետ Փայլանի անցած ուղուն, Թուրքիայում ապրող հայերի կարգավիճակին, որպես պոլսահայ պատգամավոր՝ Փայլանի դիմագրաված ճնշումներին և ունեցած հաջողություններին: Այսպիսով, ի պատասխան Yerkir.am լրատվական կայքի թյուր պնդումներին, վերահաստատում ենք, որ հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,–ասվում է դպրոցի պարզաբանման մեջ։ Ըստ Yerkir.am-ի հրապարակման, hանդիպմանը խոսվել է, որ հայերը պետք թուրքերի հետ հաշտ ապրեն, հանեն իրենց միջից թշնամանքը, իրենց խելոք պահեն, այլապես՝ «թուրքերը նորից կմորթեն հայերին»։ «Ու իբրև շանտաժ՝ հանդիպմանն օրինակ է բերվել հայության վերջին գոյապայքարը, ասվել՝ ձեզ նման հազարավոր ջահելներ ևս գնացին կռվեցին, ու բոլորին կոտորեցին։ Ասվել է նաև, որ եթե դասեր չքաղեք՝ ձեզ էլ նույն կերպ կկոտորեն»,–ասվում է հրապարակման մեջ» ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |