Էրդողանը կարևորել է երկրաշարժերին պատրաստ լինելու անհրաժեշտությունը

Էրդողանը կարևորել է երկրաշարժերին պատրաստ լինելու անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սանտորինիի մոտ գրանցված ստորգետնյա ցնցումներից հետո, կարևորել է երկրաշարժերին պատրաստ լինելու անհրաժեշտությունն ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հունաստանի համար։

«Հունական կողմում տեղի ունեցած ցնցումները երկու երկրներին ևս մեկ անգամ հիշեցնում են պատրաստվածության կարևորության մասին։ Երկրաշարժերին պատրաստ լինելը մեր երկրի համար գոյատևման հարց է»,- հայտարարել է Էրդողանը կառավարության նիստից հետո, գրում է Ekathimerini-ն:

Վերհիշելով 2023 թվականի փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած կործանարար երկրաշարժը՝ նա նախազգուշացրել է, որ պատրաստ լինելուն այլընտրանք չկա։

«Մենք այլընտրանք չունենք, քան արագորեն մեր քաղաքները, հատկապես Ստամբուլը, դարձնել սեյսմակայուն»,–ասել է նա։

Նա նաև ընդգծել է տեղական իշխանությունների պատասխանատվությունը։

«Կրկին ընդգծում եմ, որ տեղական իշխանությունները պետք է իրենց քաղաքները նախապատրաստեն երկրաշարժերի համար՝ ձայներ փնտրելու փոխարեն»,–ասել է նա։

2023–ի փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Եղան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։ Ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի տնտեսության կրած վնասը գնահատվել է $84 մլրդ։

ՀՀ-ն փրկարարական ջոկատ էր ուղարկել Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---