Գործատուների հանրապետական միություն․ Չարտոնված բողոքի պատճառով վնաս է կրում ԶՊՄԿ-ին առնչվող ամբողջ տնտեսական շղթան

Գործատուների հանրապետական միություն․ Չարտոնված բողոքի պատճառով վնաս է կրում ԶՊՄԿ-ին առնչվող ամբողջ տնտեսական շղթան

PanARMENIAN.Net - Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, կարևորելով աշխատողների իրավունքները և նրանց բողոքի ձայն բարձրացնելու հնարավորությունը, հայտարարություն է տարածել՝ անհանգստություն հայտնելով ԶՊՄԿ ՓԲԸ-ում մի խումբ աշխատակիցների կազմակերպած չարտոնված գործադուլի կապակցությամբ։ Ըստ կառույցի, այս նախաձեռնությունը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքին, մասնավորապես՝ դրա 74-րդ հոդվածին, ինչի հետևանքով խաթարվել է երկրի խոշորագույն հարկատուի բնականոն գործունեությունը։

Նշվում է, որ չարտոնված բողոքի պատճառով վնաս է կրում ԶՊՄԿ-ին առնչվող ամբողջ տնտեսական շղթան։

Նշվում է, որ նման նախաձեռնությունը չի բխում նաև աշխատավորների շահերից, քանի որ Օրենսգրքի 78 հոդվածով սահմանված կարգով գործադուլն անօրինական ճանաչվելու դեպքում Օրենսգրքի 82 հոդվածի համաձայն գործադուլին մասնակցած աշխատողները գործատուին պատճառված վնասի համար կրելու են համապարտ պատասխանատվություն:

Գործատուների միությունը կոչ է անում բոլոր բողոքավոր աշխատավորներին վերադառնալ բնականոն աշխատանքի, գնալ կառուցողական բանակցությունների, գտնել փոխզիջումներ և խոչընդոտ չդառնալ գործատու ընկերության գործունեությանը, իսկ բանակցությունների արդյունքում համաձայնության չգալու դեպքում գործադուլի նախաձեռնություն սկսել օրինական ճանապարհով։

«Հարգելի՛ աշխատավորներ, չարտոնված գործողությունների հետևանքով տուժելու են հազարավոր մարդիկ, ծանր վնասներ է կրելու տնտեսությունը։

Մտահոգված ենք երկրի խորոշագույն ընկերությունում նման կամայական դրսևորումներով, քանի որ սա ոչ միայն ԶՊՄ կոմբինատի խնդիրն է, այլև նախադեպ է ստեղծում նման զարգացումների համար ցանկացած ընկերությունում, ինչը ահռելի բացասական ազդեցություն կարող է թողնել ընդհանուր տնտեսության վրա։ Հարյուրավոր ընկերություններ և կազմակերպություններ՝ իրենց հազարավոր աշխատակիցներով, կապված են ԶՊՄԿ-ի հետ և մի խումբ մարդկանց չարտոնված բողոքի պատճառով վնաս է կրում ԶՊՄԿ-ին առնչվող ամբողջ տնտեսական շղթան»,–ասվում է հայտարարության մեջ։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները 5 օր է դադարեցված են։

Կոմբինատի լրատվության բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանն ասել է․ «Հիմնական արտադրական հատվածները կանգնած են, արտադրություն չկա։ Բնականաբար, դա տնտեսական, անվտանգային, նաև բնապահպանական հետևանքներ կարող է առաջացնել, որը մեզ ամենաշատն է մտահոգում», հայտնում է «Ազատությունը»։

Իսկ արդյոք կոմբինատը քայլեր ձեռնարկում է, որպեսզի երկխոսություն տեղի ունենա գործադուլի դուրս եկած աշխատակիցների հետ, և իրավիճակը հանգուցալուծվի. կոմբինատի լրատվականի ղեկավարն ասաց, թե այդ հարցին պետք է պատասխանի արհմիությունը:

Գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանն ևս հաստատել է, որ կոմբինատի աշխատանքներն այս պահին դադարեցված են, քանի որ գործադուլի հետևանքով չեն գործում բաց հանքի, փականագործների վերանորոգման, հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասերը։

Չի աշխատում նաև հարստացուցիչ ֆաբրիկան, որտեղ ստացվում է վերջնական արտադրանքը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---