Փաշինյան․ Ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում

Փաշինյան․ Ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ատլանտյան խորհուրդ, որտեղ հանդես է եկել ելույթով, պատասխանել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի հարցերին։

Խոսելով հարևանների հետ հարաբերությունների մասին՝ վարչապետը հայտարարել է, որ ՀՀ–ն ցանկանում է նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։

«Մեր երկրի չորս սահմաններից երկուսն ամբողջությամբ փակ են, ես խոսում եմ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր սահմանների մասին։ Մենք ունենք ևս երկու սահման՝ Վրաստանի և Իրանի հետ։ Իհարկե, այս երկու սահմանները մեզ համար շատ կարևոր են, մենք համագործակցում ենք, ունենք լավ հարաբերություններ մեր երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ, բայց մենք ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում։

Նախորդ տարիներին հսկայական առաջընթաց ենք գրանցել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում։ Որպեսզի այս առաջընթացն ըմբռնելի լինի ձեզ համար, գիտեք, որ հիմա մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք խաղաղության պայմանագրի նախագիծը, և այժմ այդ պայմանագրի 17 կետից 15-ի շուրջ ամբողջական համաձայնության ենք հասել և մնում է երկու կետ, որոնց շուրջ դեռ պետք է վերջնական համաձայնության հասնենք։ Հույս ունենք` այս գործընթացն ավարտին հասցնել հնարավորինս արագ։ Իհարկե, Ադրբեջանի հետ աշխատում ենք երկկողմ ձևաչափով, բայց ակնհայտորեն միջազգային հանրության ուշադրությունն ու աջակցությունը շատ օգտակար կլիներ կայուն խաղաղության հասնելու գործում պատշաճ միջավայր ձևավորելու համար։

Մենք Թուրքիայի հետ բավականին ակտիվ երկխոսություն ունենք։ Վերջին տարիներին ես մի քանի հանդիպում եմ ունեցել Թուրքիայի նախագահի հետ, ներկա եմ գտնվել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, վերջերս հանդիպել ենք Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում, և մենք շատ կոնկրետ համաձայնություն ունենք՝ առաջին փուլով բացել մեր սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող մարդկանց համար, և հույս ունենք հնարավորինս արագ հասնել այս համաձայնագրի իրականացմանը։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,–ասել է նա։

Վարչապետը հավելել է, որ Հայաստանը շարունակում է խորացնել համագործակցությունը նաև Վրաստանի և Իրանի հետ։

«Կա միջազգային մի իրավիճակ, որը խոչընդոտում է մեր հարևանների հետ հարաբերությունների խորացմանը, և այս հանգամանքները բոլորին հայտնի են, ես չեմ նշի դրանք։ Բայց կարծում եմ` մեզ հաջողվում է հաշվի առնել այս բոլոր հանգամանքները, իսկ մյուս կողմից զարգացնել հարաբերությունները հարևանների հետ։ Իհարկե, հույս ունենք, որ մեր տարածաշրջանային իրավիճակում բեկում կլինի, երբ մեզ հաջողվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բերել վերջնական տեսքի և ստորագրել այն, ինչպես նաև Թուրքիայի հետ հասնել հարաբերությունների կարգավորման, ինչը ոչ միայն ամբողջությամբ կփոխի տարածաշրջանային իրավիճակը, այլ նաև կարծում եմ` շատ շոշափելի ու զգալի ազդեցություն կունենա միջազգային իրավիճակի վրա»,–ասել է Փաշինյանը։

Փետրվարի 1-ին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու Միջազգային կրոնական ազատության 5-րդ ամենամյա գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»:

 Ուշագրավ
---