Թրամփն արգելել է տրանսգենդերներին մասնակցել կանանց սպորտային մրցույթներին

Թրամփն արգելել է տրանսգենդերներին մասնակցել կանանց սպորտային մրցույթներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է տրանսգենդեր կանանց մասնակցությունը կանանց սպորտային մրցույթներին։ Փաստաթուղթը սահմանում է կանոնակարգեր և իրավաբանական մեկնաբանություններ՝ միաժամանակ հանձնարարելով Կրթության նախարարությանը հետաքննել այն դպրոցները, որոնք կասկածվում են կանոնների խախտման մեջ։

Հանրապետական գործիչները պնդում են, որ այս քայլը վերականգնում է սպորտի արդարությունը, մինչդեռ ԼԳԲՏ և մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները քննադատում են այն՝ որպես խտրական, գրում է BBC–ն։

Հրամանագիրը, որն անմիջապես ուժի մեջ է մտնում, հիմնականում ընդգրկում է ավագ դպրոցների, համալսարանների մրցումներy և զանգվածային սպորտը, սակայն, Թրամփը հայտարարել է, որ մտադիր է արգելքի հասնել նաև Օլիմպիական խաղերում՝ մինչև Լոս Անջելեսի 2028թ․ Օլիմպիադան։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ–ն մուտքի արտոնագիր չի տա տրանսգենդեր մարզիկներին։

Սպիտակ տան պաշտոնյաները, որոնք հանդես են եկել հայտարարությամբ չորեքշաբթի, նշել են, որ նոր հրամանագիրը հնարավորություն է տալիս Կրթության նախարարությանը վերահսկել, թե ինչպես են դպրոցները կիրառում Title IX օրենքը, որը արգելում է սեռական խտրականությունը պետական ֆինանսավորմամբ կրթական ծրագրերում։

«Եթե թույլ տաք տղամարդկանց գրավել կանանց սպորտային թիմերը կամ ներխուժել նրանց հանդերձարանները, ապա ձեզ կհետաքննեն Title IX խախտումների համար, և դուք կկորցնեք ձեր դաշնային ֆինանսավորումը», – հայտարարել է Թրամփը։

Բացի այդ, Սպիտակ տունը նախատեսում է հանդիպումներ կազմակերպել մարզական կազմակերպությունների, այդ թվում՝ NCAA-ի ներկայացուցիչների, ինչպես նաև մարզուհիների և նրանց ծնողների հետ՝ լսելու նրանց մտահոգությունները։

Սպիտակ տան պաշտոնյաների խոսքով՝ այս քաղաքականությունը լայն աջակցություն ունի հանրության շրջանում և կարևոր նշանակություն ունի կանանց սպորտում արդարության և անվտանգության ապահովման համար։

Ըստ UCLA Ուիլյամսի ինստիտուտի տվյալների՝ ԱՄՆ-ում 13 և բարձր տարիքի բնակչության 1%-ից պակասն է տրանսգենդեր, սպորտով զբաղվողների թիվն էլ ավելի փոքր է։

Թրամփը երդմնակալության իր ելույթում հայտարարել էր, որ այսուհետ ԱՄՆ–ում երկու սեռ կա՝ արական և իգական, որից հետո ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---