Փաշինյան․ ՀՀ անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ

Փաշինյան․ ՀՀ անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հոդվածում անդրադարձել է Ադրբեջանի պաշտոնական քարոզչությանը, որն ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազինվում է, պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա և հետևաբար Ադրբեջանը պաշտպանվելու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի:

Նա հայտարարել է, որ եթե «Բաքվում ընթացող թատերականացված դատավարությունը, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերումը համադրենք պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ, հասկանալի կդառնա, որ ՀՀ անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ»:

Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա և ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են, հայտնում է Արմենպրեսը։

«Եթե ավելի կարճ և ավելի պարզ վերարտադրենք ադրբեջանական քարոզչության թեզերը, ամեն ինչ հանգում է հետևյալին. Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, հետևաբար ավելի լավ է Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, որպես կանխարգելիչ միջոցառում:

Քարոզչական այս թեզերի ծագումնաբանության երկու տարբերակ կա. կամ Ադրբեջանը իրոք մտածում է, թե Հայաստանն իր վրա հարձակվելու մտադրություն ունի, կամ ինքը հարձակվելու մտադրություն ունի և փորձում է դա իրագործելու հիմքեր ձևավորել: Երկու դեպքում էլ բազային դրույթը Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին Ադրբեջանի պնդումն է»,–նշել է նա։

Նա հավելել է, որ ցանկացած անաչառ դիտորդ կարող է փաստել, որ ՀՀ կառավարությունն այս հարցում տարընթերցման ոչ մի տեղ չի թողել:

«Բազմիցս հայտարարել եմ, և հիմա էլ հարկ եմ համարում պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռքբերված ռազմավարական պայմանավորվածությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմաթիի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Այսինքն, ՀՀ–ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանական ԽՍՀ տարածքով, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Հայկական ԽՍՀ տարածքով:

Այս թեզը երկու պետություններում էլ արդեն դե յուրե ուժ է ստացել, քանի որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում, որը վավերացվել է երկու պետություններում, Ալմա Աթայի հռչակագիրը արձանագրվել է որպես երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի բազային սկզբունք:

Նաև այս փաստի հաշվառումով է, որ մի քանի անգամ հայտարարել եմ, որ նույնիսկ ՀՀ 29, 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս հանդիսացող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր այն տարածքները, որ ներկայումս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր ՀՀ–ն չի դնում, որովհետև վերը նշված կանոնակարգն արդեն իսկ սկզբունքորեն լուծել է այդ հարցը և սահմանազատման գործընթացում այն գործնականորեն լուծելու իրական և առարկայական հնարավորություն կա»,–ասվում է հոդվածում։

Վարչապետը հարկ է համարել ընդգծել, որ Հայաստանի բանակի 33-րդ տարեդարձի առիթով հայտարարել է, որ բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս չպետք է կիրառվի (սա իհարկե չի առնչվում միջազգային խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ խաղապահ զորախմբերի մասնակցությանը):Նա հավելել է, որ հետևաբար, Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին թեզերը պարզապես մտացածին են:

Նա նաև անդրադարձել է Հայաստանի սպառազինման հարցին։

Փաշինյանը նշել է, որ ՀՀ–ն իր բանակը բարեփոխում է վերը բերված սկզբունքի շրջանակում, այսինքն՝ իր միջազգայնորեն, այդ թվում Ադրբեջանի կողմից ճանաչված տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար, ինչը, ցանկացած երկրի միջազգայնորեն ճանաչված իրավունք է, որը վիճարկելն իսկ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է:

«Արդյո՞ք Հայաստանի բանակի բարեփոխումները կապ ունեն Ադրբեջանի հետ: Եվ այո, և ոչ:Ոչ, որովհետև, ինչպես վերը պարզաբանեցի, Հայաստանը Ադրբեջանի դեմ ոչ մի ռազմական գործողության ծրագիր, մտադրություն, նպատակ չունի:

Այո, որովհետև ՀՀ անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում: Նախ, ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ:

Այդ հայտարարություններն առավել ամբողջական կերպով ձևակերպված են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» խոսույթում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից և համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում ՀՀ ինքնիշխան տարածքի մոտ 60 տոկոսը անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայումս Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական և իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»:

Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման, և պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ և հասկանալի կդառնա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ»,–ասվում է հոդվածում։

Վարչապետն անդրադարձել է նաև լուծումներին։

«Այս իրադրության լուծումները դրված են սեղանին և դրանք գեներացվել են հենց Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում: Նախ՝ խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված հոդվածները հիմնավորապես լուծել են ոչ միայն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու, այլև ապագայում նման պահանջներ չներկայացնելու հարցը: Խաղաղության պայմանագրի ստորագրումը թե Հայաստանի, թե Ադրբեջանի առաջ ընդմիշտ փակում է միմյանց նկատմամբ երբևէ տարածքային պահանջներ ներկայացնելու՝ առանց այն էլ Պրահայում փակված դուռը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը բավարար չափով ծանրակշիռ և հասունացած է ստորագրելու համար, չնայած՝ չհամաձայնեցված երկու հոդվածների համար էլ Հայաստանի Հանրապետությունը առաջարկել է համապարփակ լուծումներ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:

Ավելին, ՀՀ–ն Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:

Ավելին, ՀՀ–ն Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան և միջազգային, Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան և միջազգային երկաթուղային փոխադրումներ իրականացնելու մասին և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:

ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը բնականոն և կառուցողական աշխատում են:

Օրերս տեղի ունեցավ ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:

Այս ամենը նշանակում է, որ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա և ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են: Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից և էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից և հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլև չի հրաժարվելու այս ճանապարհից»,–ասվում է հոդվախում։

 Ուշագրավ
---