ԱՄՆ կոնգրեսականները Ռուբիոյին կոչ են արել արագացնել միջուկային գործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները

ԱՄՆ կոնգրեսականները Ռուբիոյին կոչ են արել արագացնել միջուկային գործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը և Գաս Բիլիրակիսը, ինչպես նաև փոխհամանախագահներ Բրեդ Շերմանն ու Դեյվիդ Վալադաոն համատեղ նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ ներկայացնելով հանձնախմբի առաջնահերթությունները և հույս հայտնելով վարչակազմի հետ համատեղ աշխատանքի վերաբերյալ։

Նրանք նաև կոչ են արել արագացնել քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ռազմական հանցագործությունների և Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների համար։ Նրանք պահանջում են, որ Բաքվի դեմ կիրառվեն Ազատության Աջակցության ակտի 907-րդ հոդվածը, Գլոբալ Մագնիցկի ակտով նախատեսված պատժամիջոցները և EXIM բանկի ֆինանսավորման դադարեցումը։

Նամակում մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները՝ հիմնվելով 2025–ի հունվարի 14-ին ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագրի վրա։

«Այդ համաձայնագիրն արտացոլում է Կոնգրեսի անդամների երկկուսակցական լայն կոալիցիայի ջանքերը, որոնք զարգացրել են այս կարևոր երկկողմ հարաբերությունները մի քանի վարչակազմերի հետ: Այն ցույց է տալիս Հայաստանի կառավարության կողմից 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո արձանագրած աճն ու զգալի բարեփոխումները։ Ամենակարևորը, ռազմավարական գործընկերությունը դուռ է բացում մեր երկրների միջև ավելի սերտ երկկողմ կապերի համար, հնարավորություն ստեղծում Հայաստանի տնտեսական ապագայում ամերիկյան հետագա ներդրումների համար և ընդհանուր առմամբ ավելի ամուր կապ ստեղծում մեր ժողովուրդների միջև»,- գրել են կոնգրեսականները։

Նրանք շեշտել են, որ Հայաստանը բախվում է լուրջ աշխարհաքաղաքական և տնտեսական մարտահրավերների՝ հաշվի առնելով նրա շրջափակված լինելը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, ինչը երկար տարիներ խոչընդոտել է երկրի զարգացմանը։ Նրանց կարծիքով՝ ԱՄՆ–ն ունի հնարավորություն աջակցելու Հայաստանի էներգետիկ անվտանգության և տնտեսական կայունության ապահովմանը՝ համահունչ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նպատակներին։

Ըստ կոնգրեսականների, նման աջակցությունը թույլ կտա Հայաստանին նվազեցնել իր կախվածությունը ռուսական էներգետիկ համակարգից և դիվերսիֆիկացնել տնտեսությունը։

«Մասնավորապես, մենք խնդրում ենք պետքարտուղարությանն արագացնել քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի կամ 123 համաձայնագրի շուրջ արդեն իսկ ընթացող բանակցությունները, որը Հայաստանին հզոր հարթակ կապահովի մեր երկրի հետ էներգետիկ ընդլայնված համագործակցության համար»,–ասվում է նամակում։

Կոնգրեսականները շեշտել են, որ այս համաձայնագրի արագացված իրականացումը ոչ միայն կնպաստի ամերիկյան ներդրումներին տարածաշրջանում, այլև կուժեղացնի Հայաստանի էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը։

«Մենք նաև խնդրում ենք պետքարտուղարությանը հիմք ընդունել Հայաստանի հետ մեր ներկայիս պաշտպանական հարաբերությունները, որը ներառում է երկկողմ խաղաղապահ Eagle Partner զորավարժություններ և աջակցություն Պետության Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի ու ԱՄՆ մաքսային և սահմանային պահպանության գերատեսչության կողմից՝ զարգացնելու համար Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունները»,–նշվում է փաստաթղթում։

Ամերիկացի օրենսդիրները խնդրել են, որ պետքարտուղարությունն ամբողջությամբ դիտարկի Հայաստանի ներկայացրած դիմումները՝ պաշտպանական սարքավորումներ, այդ թվում՝ հակաօդային և հակադրոնային համակարգեր տրամադրելու վերաբերյալ։ Ըստ նրանց, այս միջոցները կենսական նշանակություն ունեն Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության համար, հատկապես Ադրբեջանի մշտական սպառնալիքների պայմաններում։

Նամակում շեշտվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձի իրավունքը։

«Այդ նպատակով մենք կոչ ենք անում պետքարտուղարությանը համակողմանիորեն ներգրավված մնալ խաղաղության գործընթացում և օգնել ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխիքները, վերջ դնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բռնի շրջափակմանը և նպաստել տարածաշրջանում ավելի լավ առևտրային և տրանսպորտային կապերի զարգացմանը: Վերջնական համաձայնագիրը պետք է նաև ապահովի բոլոր ռազմագերիների և պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների ազատ արձակումը, որոնք անարդարացիորեն կալանավորված են Ադրբեջանում, և պաշտպանի հայկական հնագույն մշակութային վայրերը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանի այլ վայրերում, որոնք անմիջական սպառնալիքի տակ են»։

Նրանք նաև բարձրացրել են Մերձավոր Արևելքում հայ համայնքի անվտանգության հարցը՝ ընդգծելով, որ տարածաշրջանի քրիստոնյա բնակչությունը, որն այնտեղ ապրել է հազարամյակներ, ներկայումս բախվում է լուրջ սպառնալիքների։

Կոնգրեսականները իրենց երախտագիտությունն են հայտնել պետքարտուղար Ռուբիոյին այս հարցերի նկատմամբ ուշադրության համար՝ շեշտելով նրա երկարամյա փորձը Հարավային Կովկասում խաղաղությանն ու զարգացմանը նպաստելու գործում։

«Մենք պատրաստ ենք աշխատել ձեզ հետ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղաքականություն մշակելու հարցում, որը համապատասխանում է ԱՄՆ ազգային անվտանգությանը, մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներին և մեր ժողովրդավարական արժեքներին։ Մեր հույսն այն է, որ հնարավորինս շուտ կքննարկենք այս հարցերը ձեր և ձեր թիմի հետ», – եզրափակել են կոնգրեսականները։

Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ՝ ամրապնդելով երկու երկրների համագործակցությունը։ Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել էր, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---