Օսկանյան․ Գիտեինք՝ Մեղրի չենք տալու, բայց կարող ենք օգտվել ԼՂ–ն զիջելու Ալիևի պատրաստակամությունից

Օսկանյան․ Գիտեինք՝ Մեղրի չենք տալու, բայց կարող ենք օգտվել ԼՂ–ն զիջելու Ալիևի պատրաստակամությունից

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերին, հայտարարել է, որ դրանք Մեղրիի հարցի շահարկման նարատիվը ջախջախում են։

Օսկանյանը նշել է, որ տարիներ շարունակ այս հարցի շուրջ որոշ անձինք պնդել են, թե իբր Լեռնային Ղարաբաղը Մեղրիով փոխանակելու գաղափարը եղել է Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությունը՝ ուղղված Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևին։ Սակայն, նրա համոզմամբ, գաղտնազերծված փաստաթղթերը հստակ ցույց են տալիս, որ նման առաջարկ արվել է հենց Ադրբեջանի նախկին նախագահի կողմից, իսկ ինքն այդ փաստի վկաներից է եղել։

«Երբ Քոչարյանը Ժնևում բանակցություններին ներկա գտնվող ինձ և Վազգեն Սարգսյանին ասաց, որ Ալիևը նման առաջարկ է արել, մենք միանգամից ֆիքսեցինք այս պատմության ամենակարևոր փաստը, որ հայր Ալիևը պատրաստ է հրաժարվել Արցախից։ Դա էր հիմնական մեսիջը։ Մենք գիտեինք, որ Մեղրի չենք տալու, բայց կարող ենք օգտվել Ալիևի՝ Արցախը զիջելու պատրաստակամությունից։ Հենց դա էլ հաջողությամբ արեցինք 1,5 տարի բանակցելու արդյունքում Քի Վեսթում։ Այնտեղ Մինսկի խմբի փաստաթղթով արձանագրվեց, որ Արցախը Լաչինով տրվում է Հայաստանին, իսկ Ադրբեջանը Արաքսի ափով վերգետնյա էստակադայով կապ էր ունենալու Նախիջևանի հետ»,–նշել է նախկին նախարարը։

Նա նշել է, որ անթույլատրելի կլիներ անտեսել Ալիևի այդ առաջարկը, և դա կդիտվեր որպես դիվանագիտական սխալ։

«Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ Մեղրիի թեման շահարկողներն առնվազն լռեն, քանի որ դա անելով՝ մեր գլխին կախված Մեղրին կամ Սյունիքի մի հատվածը կորցնելու վտանգը առավել ռեալ են դարձնում։

Դիվանագիտությունից ու արտաքին քաղաքականությունից չհասկացողներին փորձեմ բացատրել։ Պետդեպի փաստաթղթերի առավել կիրառական հանգամանքն այն է, որ դրանք էապես ուժեղացնում են Հայաստանի բանակցային դիրքերը, Ադրբեջանին որևէ տարածք, միջանցք կամ նույնիսկ ճանապարհ տրամադրելու հարցում։ Ադրբեջանը պատրաստ է եղել Արցախը փոխանակել Նախիջևանի հետ կապով, Փաշինյանը Արցախը հանձնել է Ադրբեջանին, և Ադրբեջանը բանակցային խաղաքարտ չունի՝ միջանցք կամ նույնիսկ ճանապարհ պահանջելու։

Խնդիրը ու Հայաստանի վրա կախված վտանգը, սակայն, այն է, որ դիվանագիտական կարողություններ չունեցող, Հայաստանը միջազգային հարթակում զրոյական գործոն դարձրած Փաշինյանը չի կարողանա նույնիսկ սա ձևակերպել և բանակցել։ Հասկանո՞ւմ եք իրավիճակի աբսուրդը և վտանգը։ Մենք այսօր ունենք մի իշխանություն, որն արդեն տվել է Արցախը, կարող է տալ նաև Սյունիքից մի հատված»,–հավելել է նա։

Ավելի վաղ «Ազատությունը» ֆիլմ էր հրապարակել 1999-ին քննարկված տարածքների փոխանակման առաջարկի մասին, որը վերնագրված է «Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի»։

 Ուշագրավ
---