Երևանում հնդկական ֆիլմերի փառատոն է՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին

Երևանում հնդկական ֆիլմերի փառատոն է՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը, որը նվիրված է հնդկական և համաշխարհային կինոյի աստղ Ռաջ Կապուրի 100-ամյակին։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում հնդկական կինոյի օրերի անցկացումն արդեն դարձել է բարի ավանդույթ։

«Ռաջ Կապուրը մեծ կինոժառանգություն է թողել՝ հանդիսատեսին փոխանցելով նաև ժամանակի ոգին։ Նրա արվեստն աչքի է ընկնում մարդասիրությամբ, նրա կերպարները ներկայացնում են հասարակ ժողովրդի պատմությունը, ցավը, ուրախությունն ու հույսերը։ Ռաջ Կապուրի ֆիլմերը յուրահատուկ գույն են ավելացնում Հնդկաստանի մշակութային խճանկարին և դարձել են հնդկական կինոյի խորհրդանիշերը՝ միաժամանակ հարստացնելով նաև համաշխարհային կինեմատոգրաֆիայի գանձարանը:

Նրա կինոն շարունակում է հուզել մարդկանց սրտերը, իսկ նրա դավանած գաղափարները շարունակում են ուղենիշ լինել շատերիս համար։ Նրա ֆիլմերը հանդիսատեսն այսօր ևս դիտում է սիրով, որը փաստում է՝ կինոն կարևոր գործիք է համամարդկային գաղափարներ տարածելու և մարդկանց կրթելու համար»,- ասել է նա:

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ փառատոնը նաև հիմք կհանդիսանա երկու երկրների կինոգործիչների միջև համագործակցությունը խորացնելու և համատեղ ֆիլմեր ստեղծելու համար:

Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաև Ռաջ Կապուրի գործունեությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---