Թունյան․ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա![]() 10 փետրվարի 2025 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն ասել է, որ այս պահին խոսք չկա այն մասին, որ մենք Եվրասիական տնտեսական միությունից` ԵԱՏՄ-ից դուրս ենք գալիս և առարկայական քայլերով գնում ենք դեպի Եվրոպական միություն, հայտնում է ՍիվիլՆեթը։ «Ցավոք, մեր հասարակության մեջ թյուր ընկալում կա, որ եվրոպական ինտեգրման ճանապարհը մեկ ամսվա կամ մեկ տարվա ճանապարհ է»,- նշել է Թունյանը։ Նա ընդգծել է, որ, եթե անգամ վաղը որոշում կայացվի Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին, այն կարող է տևել տասը տարուց ավելի: Անդրադառնալով Ազգային ժողովում շրջանառվող ԵՄ անդամակցության մասին օրինագծին՝ Թունյանն ասել է, որ այն դեռ պետք է անցնի մի շարք փուլեր։ «Խոսքը վերաբերում է նախաձեռնությանը, որը եկել է Ազգային ժողով ստորագրությունների հիման վրա և պիտի Ազգային ժողովում քննարկվի: Եթե որոշում է կայացվում՝ պիտի լինի հանրաքվե, մարդիկ պետք է իրենց կարծիքը արտահայտեն»,–ասել է նա։ Բաբկեն Թունյանը Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունները գնահատում է որպես «կանխարգելիչ նախազգուշական միջոցառումներ»: Նրա խոսքով՝ եթե երկիրն անդամակցում է որևէ միության, ցանկացած պարագայում դա պետք է բխի նրա շահերից։ Անդրադառնալով գազի թանկացման հավանականությանը՝ Թունյանը նշել է, որ եթե Ռուսաստանը որոշի, օրինակ, գազի գինը երեք անգամ թանկացնել, դա «նշանակելու է և՛ քաղաքացիների համար գազի սակագնի ավելացում, և՛ գազով աշխատող արտադրատեսակների ինքնարժեքի ավելացում ու մրցունակության նվազում»: Նա հերքել է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին խոսակցությունները։ «ԵԱՏՄ-ից մենք բավականին օգուտներ ենք ստանում։ Ավելին ասեմ՝ մենք հիմա տարբեր օրենքների մեջ մեր ընթացակարգերը, կարգավորումները համապատասխանեցնում ենք ԵԱՏՄ-ի կանոնակարգերին»,–ասել է նա։ «Եվրամիությանն անդամակցելու մասին խոսելուց առաջ մենք պիտի նախ ինքներս հասկանանք, թե մենք պատրա՞ստ ենք Եվրոպական միության ստանդարտներով աշխատելու, որովհետեւ ցանկությունը մի բան է, մեկ այլ բան է՝ արդյոք ԵՄ-ն քեզ դիտարկում է բավարար մակարդակի հասած երկիր, որը կարող ես անդամակցել միությանը»,- ասել է նա։ Նա ընգծել է, որ կարիք կա տնտեսությունը բերել որակապես նոր մակարդակի թե՛ ապրանքների, ծառայությունների որակի, ստանդարտների, թե՛ դրանց վերահսկողության առումով։ Թունյանը նշել է, որ եվրաինտեգրման հարցում հստակ դիրքորոշումներ կարող են հնչել 2026-ի հունիսին ակնկալվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։ Նախաձեռնությանը կտրուկ արձագանքել էր Ռուսաստանը՝ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը՝ զգուշացնելով տնտեսական հետևանքների մասին։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախազգուշացրել էր էներգակիրների և սննդամթերքի գների աճի և երկրի արտահանման ծավալի 70-80 տոկոսով կրճատման մասին։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |