Զեյնալյան. Խնդիրը ոչ թե ԵԱՏՄ-ն չեզոքացնելն է, այլ այդ շուկան ԵՄ-ի շուկայով լրացնելը![]() 11 փետրվարի 2025 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանը պարզաբանել է, որ նախաձեռնությունը չի հետապնդում ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերի խզման նպատակ, այլ միտված է ԵԱՏՄ-ի շուկան ԵՄ-ի շուկայով լրացնելուն։ Նա հավելել է, որ այս պահի դրությամբ Հայաստանը համապատասխանեցնում է իր ստանդարտներն ու կանոնակարգերը, հայտնում է Արմենպրեսը։ «Մեծ գումարներ են ներդրվում լաբորատորիաների վրա, որ կարողանանք արտադրանքի որակը ստուգել, որ այն համապատասխանի ԵՄ-ի չափանիշներին: Ասեմ ավելին՝ ԵԱՏՄ-ում գործող ստանդարտներն ու կանոնակարգերը ԵԱՏՄ-ում չի, որ ստեղծվում են, դրանք վերցվում են ԵՄ-ից, նվազեցվում, կրճատվում են և ստեղծվում են ԵԱՏՄ-ի ստանդարտները: Եվ, եթե մեր ստանդարտները համապատասխանեցվեն ԵՄ-ի չափանիշներին, ապա դրանց մեջ կլանվում են ԵԱՏՄ-ի ստանդարտները»,-ասել է Զեյնալյանը։ Նրա խոսքով՝ նպատակ չի դրված 185 միլիոնանոց շուկան փոխարինել 450 միլիոնանոց շուկայով, այլ՝ այն լրացնել ԵՄ-ի շուկայով, որը կոմպակտ է, զարգացած լոգիստիկ համակարգ ունի։ Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ-ի տարածքն ընդգրկում է հսկայական հեռավորություններ, որոնց լոգիստիկան համեմատելի չէ ԵՄ-ի ցանցերի հետ։ Զեյնալյանը շեշտել է, որ առաջարկվող օրենքի նախագիծը վերաբերում է անդամակցության գործընթացի մեկնարկին և ոչ թե ԵԱՏՄ-ն չեզոքացնելուն կամ կազմակերպությունից դուրս գալուն։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ ոչ մի վերջնագիր կամ պաշտոնական հայտարարություն չի ստացել, իսկ առանձին երկրների պաշտոնյաների հայտարարությունները դեռևս այդ երկրների պաշտոնական դիրքորոշումները չեն արտահայտում։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու նախաձեռնությունն իրավական առումով անհիմն է և կարող է վտանգել Հայաստանի տնտեսական և քաղաքական շահերը։ Խմբակցությունը դեմ է քվեարկելու ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ «Իրավական առումով ներկայացված օրինագիծը որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել Եվրոպական Միությանը անդամակցելու կամ չանդամակցելու խնդրում: Սակայն այն, որպես քաղաքական փաստաթուղթ, կարող է անդառնալի քաղաքական և տնտեսական հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության համար՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անդամակցությունը վերպետական կազմակերպություններին, մասնավորապես Եվրասիական Տնտեսական Միությանը։ Հաշվի առնելով գործընկեր պետությունների հայտարարությունները, ինչպես նաև միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի բազային սկզբունքները՝ ակնհայտ է դառնում, որ այս գործընթացը վտանգում է մեր տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ԵԱՏՄ շուկաների հետ իրականացվող ազատ առևտուրը։ Իր էությամբ դատարկ և ձևական այս գործընթացը ոչ միայն չի կարող որևէ դրական արդյունքի բերել Հայաստանը, այլ նաև սպառնում է լրջագույն տնտեսական հետևանքներ առաջացնել մեր երկրի և մեր քաղաքացիների համար»,–ասվում է հայտարարության մեջ։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։ Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |