Ստեփանակերտում բացվել է հնագիտական ցուցահանդես

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունենում «Արցախում մշակութային հետազոտությունները» հնագիտական ցուցահանդեսը, որում ներկայացված են Շուշիի, հնագույն Տիգրանակերտ քաղաքի եւ Հանդաբերդի մենաստանի (Շահումյանի շրջան, պատմական Վերին Խաչեն) պեղումների ժամանակ հայտնաբերված ցուցանմուշներ:



Ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը եւ Արցախի հնագիտական գիտարշավը Հայաստանի Մշակույթի նախարարության եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության կողմից, եւ նվիրված է Շուշիի ազատագրման 17-ամյակին եւ Թանգարանների միջազգային օրվան:





Ցուցանմուշների մի մասը, որոնք պատկանում են հայկական էթնոսի գոյության պատմամշակութային տարբեր շրջաններին, հանրությանն առաջին անգամ է ներկայացվում:



Արցախի հնագիտական գիտարշավի ղեկավար Համլետ Պետրոսյանի խոսքերով, Լեռնային Ղարաբաղում սկիզբ է առնում «նոր եւ լայնածավալ քաղաքականություն, որն ապագայում հնարավորություն կտա զգալ հարազատ մշակույթի կենարար ուժը»:



Շուշիի, Տիգրանակերտի եւ Հանդաբերդի պեղումների ժամանակ հայտնաբերված բոլոր ցուցանմուշները հանձնվել են ԼՂՀ Պատմագավառագիտական թանգարան, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---