Աբխազիայում նախագահ կընտրեն երկրորդ փուլով![]() 17 փետրվարի 2025 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Չճանաչված Աբխազիայի Հանրապետությունում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Այդ մասին հայտնել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Դմիտրի Մարշանը։ Նախնական տվյալների համաձայն՝ փետրվարի 15-ին կայացած առաջին փուլում որևէ թեկնածու չի կարողացել հաղթահարել 50 տոկոսի շեմը, որը պահանջվում է առաջին փուլում հաղթելու համար, հայտնում է Svoboda.org-ը։ Երկրորդ փուլը նախատեսվում է երկու շաբաթ անց։ Դրանում կմրցեն Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Բադրա Գունբան, որը ընտրարշավի ընթացքում հրաժարվել էր իր լիազորություններից, և նախկին փոխվարչապետ, «Աբխազիայի ժողովրդական շարժում» կազմակերպության առաջնորդ Ադգուր Արձինբան։ Ըստ «Կովկասի արձագանք» լրատվականի՝ առաջին փուլում Գունբան ստացել է մոտ 46% ձայն, իսկ Արձինբան՝ 37%։ Ընդհանուր առմամբ, քվեաթերթիկում եղել է հինգ թեկնածու։ Երկու թեկնածուներն էլ կողմնորոշված են Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների վրա։ Նախագահական ընտրությունները տեղի են ունենում այն բանից հետո, երբ անցյալ տարվա նոյեմբերին Ասլան Բժանիան լքեց նախագահի պաշտոնը՝ ռուսական ներդրումային համաձայնագրի դեմ ուղղված բողոքների պատճառով։ Դեկտեմբերին այդ համաձայնագիրը չեղարկվեց, իսկ փետրվարին կողմերը պայմանավորվեցին այն վերանայել։ Այն ժամանակ Գունբան նշել էր, որ Աբխազիան ձգտում է ռուսական ներդրումներ ներգրավել իր տնտեսության մեջ։ Աբխազիայի ԿԸՀ-ն առաջին փուլում չհաստատեց դիտորդների ներկայությունը Ռուսաստանի ԿԸՀ-ից։ Ռուսական կողմը հայտարարեց, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են, և պատասխան պետք է ստացվեր մինչև փետրվարի 11-ը, սակայն այդպես էլ չի ստացվել։ Աբխազական ընտրական հանձնաժողովում պարզաբանել են, որ դիտորդների թվի շուրջ համաձայնության չեն եկել, բայց վստահեցրել են, որ երկրորդ փուլում բոլոր դիտորդները կստանան հավատարմագրեր։ Պաշտոնական Թբիլիսին բողոքել է ընտրությունների անցկացման դեմ՝ դրանք անվանելով ոչ լեգիտիմ։ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը շարունակում է Աբխազիան և Հարավային Օսիան համարել Վրաստանի տարածք։ Խորհրդային տարիներին այս շրջանները Վրացական ԽՍՀ-ի կազմում ինքնավարության կարգավիճակ ունեին։ Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1990-ականների սկզբին, նրանք հայտարարեցին իրենց անկախության մասին և այդ ժամանակվանից դուրս են վրացական իշխանությունների վերահսկողությունից։ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի արդյունքում Ռուսաստանը ճանաչեց նրանց անկախությունը և այնտեղ տեղակայեց իր ռազմական բազաները։ Photo. Ria Novosti ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |