Թոմ դե Վաալ․ ՀՀ–ն արդեն կորցրել է Ղարաբաղը, Սյունիքը չի դարձնի առևտրի առարկա

Թոմ դե Վաալ․ ՀՀ–ն արդեն կորցրել է Ղարաբաղը, Սյունիքը չի դարձնի առևտրի առարկա

PanARMENIAN.Net - Կովկասի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հարցերով առաջատար մասնագետ Թոմ դե Վաալը նշել է, որ լայնածավալ ռազմական գործողությունների ձեռնարկումն Ադրբեջանի համար մեծ ռիսկեր կպարունակի, ուստի ավելի հավանական է, որ Բաքուն սպառնալիքներ հնչեցնի և դիմի սահմանափակ ռազմական գործողությունների, հայտնում է «Ազատությունը»։

Փորձագետն անդրադարձել է այն մտահոգություններին, թե Ադրբեջանը կարող է ուժի կիրառմամբ ստիպել Հայաստանին տրամադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», հատկապես հաշվի առնելով Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերում առկա են տեղեկություններ այն մասին, որ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը փակ բանակցությունների ընթացքում քննարկել են Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակման տարբերակով՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց, սակայն այդ բանակցությունները չեն հանգեցրել որևէ ստորագրված համաձայնագրի։

Հարցին, թե ինչպես է այս բացահայտումը ազդում տարածքային զիջումների շուրջ ընթացող քննարկումների վրա, դե Վաալն արձագանքել է․ «Հայաստանն արդեն կորցրել է Ղարաբաղը, այնպես որ Սյունիքն առևտրի առարկա չի դարձնի»։

Նա նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը բավականին հստակ է։

«Մենք շատ չենք շտապում, մենք իրականում ստացել ենք գրեթե այն ամենը, ինչ ուզում էինք, խաղաղության պայմանագիրը լավ կլիներ, եթե լիներ, բայց դե եթե մենք չստանանք այն ամենը, ինչ ուզում ենք, մենք կսպասենք»,–ասել է փորձագետը։

Երևանում ստացած իր տպավորության վերաբերյալ դե Վաալն ասել է․ «Իսկ Երևանում ես առավելապես տպավորություն ստացա, որ պարոն Փաշինյանն արդեն նախընտրական քարոզարշավի մեջ է։ Նա չի պատրաստվում այլևս զիջումների գնալ։ Նա զգում է, որ բավականին շատ զիջումների է գնացել, և, հետևաբար, իմ կարծիքով, պատրաստ չէ ավելի շատ զիջումների գնալ Ադրբեջանին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31–ի ասուլիսում հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանը հստակ առաջարկներ է արել Ադրբեջանին և սպասում է դրանց պատասխանին։ Ըստ նրա՝ էժան և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղիով Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ տարբերակն է։ Նա նաև առաջարկել է երկաթուղային հաղորդակցություն Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---