Քոչարյան․ Բաքվում դատն ուղղված է ոչ միայն Ղարաբաղի ղեկավարների, այլև Հայաստանի դեմ

Քոչարյան․ Բաքվում դատն ուղղված է ոչ միայն Ղարաբաղի ղեկավարների, այլև Հայաստանի դեմ

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական գործիչների և Ադրբեջանում պահվող մյուս հայերի խնդիրը պետք է քննարկման առարկա դառնա բոլոր բանակցությունների ընթացքում։

Նա նշել է, որ Բաքվի դատավարությունն ուղղված է ոչ միայն Ղարաբաղի ղեկավարների, այլ նաև ՀՀ դեմ, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա ընդգծել է, որ, ի տարբերություն ընդդիմության, Հայաստանի իշխանություններն ունեն հստակ մեխանիզմներ այդ հարցը լուծելու համար, սակայն անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում։

«Այդ մարդկանց ճակատագիրը պետք է յուրաքանչյուր հանդիպման ժամանակ լինի բանակցության սեղանի վրա, բայց չկա։ Այսօր ոչ միայն Ղարաբաղի ղեկավարներին են դատում, այլ Հայաստանի Հանրապետությունը»,– հայտարարել է Քոչարյանը։

Այդ համատեքստում նա հիշեցրել է, որ երբ Երևանը որոշել էր միանալ Հռոմի ստատուտին, պնդում էր, թե պատրաստվում է պատասխանատվության ենթարկել Իլհամ Ալիևին, սակայն իրականում նպատակ ուներ խոչընդոտելու ՌԴ նախագահի այցը Հայաստան։

«Հիմա այնտեղ դատվում է Հայաստանը, ու իրենք ամեն ինչ անելու են, որ ցույց տան աշխարհին, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման որևէ իրավունք գոյություն չի ունեցել, իսկ հենց սկզբից Հայաստանն իբր ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ։ Սա պրոբլեմ է Հայաստանի համար»,– նշել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ինքը ակտիվ կապի մեջ է եղել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի և մյուսների հետ՝ տարբերակներ առաջարկելով նրանց Արցախից դուրս բերելու համար, քանի որ Բաքվում ընթացող այս դատական գործընթացը կանխատեսելի էր։

«Իրենք այնտեղ չպետք է հայտնվեին, Հայաստանի Հանրապետությունն այդ վերջին օրերին պետք է ամեն ինչ աներ նրանց հանելու համար, եթե պետք էր՝ ուղղաթիռ ուղարկեին, պայմանավորվեին խաղաղապահ ուժերի հետ։ Ես փորձում էի այդ հարցն առանց այս իշխանությունների լուծել 24-ժամյա ռեժիմով»,- ասել է Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում խնդրի ամբողջ լրջությունը։ Բացի այդ, նա տարակուսանք է հայտնել, թե ինչու Արցախից բռնագաղթածներից շատերը չեն բարձրացնում գերեվարված հայերի հարցը։

«Նրանք բազմաթիվ խնդիրներ ունեն, իրավիճակը հասկանալի է, բայց իրենց ձայնը պետք է բարձր հնչի»,– հավելել է Քոչարյանը։

Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում են Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունները։ Մեղադրյալների շարքում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նրա նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է առանձին վարույթում։ Չնայած նա խնդրել է իր գործը միավորել մյուսների հետ, դատարանը որոշում է կայացրել 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին։

 Ուշագրավ
---