Փոխնախարար․ Քաղաքացիները կարող են մինչև 100,000 դրամ փոխհատուցում ստանալ որոշ սոցիալական ծախսերի դիմաց

Փոխնախարար․ Քաղաքացիները կարող են մինչև 100,000 դրամ փոխհատուցում ստանալ որոշ սոցիալական ծախսերի դիմաց

PanARMENIAN.Net - Ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման շրջանակում քաղաքացիներին հնարավորություն է տրվում մինչև 100, 000 հազար դրամ փոխհատուցում ստանալ առողջապահական և կրթական որոշ ծախսերի դիմաց։ Այդ մասին ասուլիսում մեկ անգամ ևս ասել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

Բուհերի և քոլեջների ուսման վարձերի հետ միասին այժմ հնարավոր կլինի փոխհատուցում ստանալ նաև ոչ ֆորմալ կրթական ծառայություններից օգտվելու դեպքում։ Օրինակ՝ եթե քաղաքացին 2024 թվականին անգլերենի դասերի է հաճախել, երեխային ընդգրկել է ջութակի դասերի կամ մարզադպրոց է ուղարկել, վճարած գումարները կփոխհատուցվեն՝ հայտարարագրի սոցիալական կրեդիտի բաղադրիչով, հայտնում է Արմենպրեսը։

Սոցիալական ծախսերի մեջ ներառվում են նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ կրթական ծրագրերի վճարները։

Պողոսյանը նշել է, որ այս փոփոխությունները վերաբերում են բացառապես անկանխիկ կատարված վճարումներին։

«Նոր որոշման նպատակն է ընդլայնել առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի շրջանակը, որպեսզի ավելի շատ քաղաքացիներ օգտվեն այս հնարավորությունից»,– ասել է նա։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ընդգծել է, որ ոչ ֆորմալ կրթական ծառայություններ մատուցողները պետք է երաշխավորված լինեն ԿԳՄՍՆ-ի կողմից։

«Այդ անհատները կամ կազմակերպությունները պետք է դիմում ներկայացնեն նախարարությանը, որպեսզի ծրագիրը փորձաքննության ենթարկվի»,– նշել է Սվաջյանը։

Եթե քաղաքացին ստացել է ծառայություն կազմակերպությունից, որը դեռ երաշխավորված չէ, ապա այդ կազմակերպությունը կարող է դիմել ԿԳՄՍՆ՝ կարգավորելու իր կարգավիճակը։

«Փորձելու ենք գործընթացը հնարավորինս արագացնել, որպեսզի քաղաքացիներն օգտվեն փոխհատուցման իրավունքից»,– հավելել է նա։

Արման Պողոսյանը նաև անդրադարձել է հաշվարկային փաստաթղթերի հարցին՝ նշելով, որ տնտեսվարողները կարող են հետին թվով դուրս գրել անհրաժեշտ փաստաթղթերը։

«Սովորաբար, երբ ծառայությունից օգտվում է ֆիզիկական անձը, տրամադրվում է ՀԴՄ կտրոն, բայց ոչ հաշվարկային փաստաթուղթ։ Այժմ քաղաքացին կարող է խնդրել կազմակերպությանը, որ այն տրամադրի համապատասխան փաստաթուղթ»,– նշել է Պողոսյանը։

Եկամուտների համընդհանուր հայտարարագրումն ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 1–ից։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---