Հայրապետյանն ԱՄԷ-ում քննարկել է տիեզերական ոլորտում հնարավոր գործակցությունը

Հայրապետյանն ԱՄԷ-ում քննարկել է տիեզերական ոլորտում հնարավոր գործակցությունը

PanARMENIAN.Net - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ Տիեզերական գործակալության գլխավոր տնօրեն Սալեմ Ալ Քուբայիսիի հետ։

Կողմերը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները և համաձայնության եկել համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ, որոնք նպատակ ունեն զարգացնել տիեզերական տեխնոլոգիաները և խթանել գիտական ու տեխնոլոգիական առաջընթացը՝ երկու երկրների շահերից ելնելով։

Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը տիեզերական ոլորտի զարգացման առումով և նշել, թե ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Սալեմ Ալ Քուբայիսին, իր հերթին, ներկայացրել է ԱՄԷ Տիեզերական գործակալության ձևավորման ու զարգացման գործընթացը՝ ընդգծելով արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները և գալիք խոշոր նախագծերը։

Հատուկ ուշադրություն է դարձվել գիտահետազոտական աշխատանքներին, ոլորտային ստարտափների զարգացմանն ու փորձարարական մշակումներին, ինչպես նաև շարունակական համագործակցությանը՝ «Արտեմիսի» համաձայնագրի սկզբունքների շրջանակում։ Այն ուղղված է տիեզերքի խաղաղ օգտագործմանը և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների նորարարական լուծումների մշակմանը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը, ԱՄԷ Տիեզերական գործակալության տիեզերական քաղաքականության տնօրեն Ֆաթմա Ալշամսին և ռազմավարական համագործակցության ավագ մասնագետ Հասան Ալշեհին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---