Աղազարյան. Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում կային մտքեր, որոնց հետ համաձայն եմ

Աղազարյան. Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում կային մտքեր, որոնց հետ համաձայն եմ

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետևել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսին և նշել, որ նրա հնչեցրած որոշ մտքերի հետ համակարծիք է։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Դիտեցի Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարներից մեկի` Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։

Կային մտքեր, որոնց հետ համաձայն եմ։ Կային մտքեր, որոնց հետ համաձայն չեմ։ Կային մտքեր, որոնք լղոզված էին։

Ուշադրությունս գրավեց դիտարկումը, որ Բաքվում տեղի ունեցողը ոչ թե դատավարություն է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, այլ` Հայաստանի։

Համաձայն եմ։ Հայոց պատմության մեջ չգիտեմ երկրորդ այդպիսի զազրելի ու նվաստացուցիչ դեպք։

Անկախ իմ բացասական վերաբերմունքից Արցախի գրեթե ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, ստեղծված իրավիճակը ամբողջ հայ ժողովրդի ամոթն է։

Մի կողմ թողնենք իշխանությունների պատասխանատվության աստիճանի գնահատման հարցը։

Վստահաբար կարող եմ ասել, որ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, ցանկության դեպքում, կարող էին թույլ չտալ դեպքերի նման ընթացք։

«Ինչո՞ւ չեն արել» հարցը պատասխան է պահանջում»,- գրել է Աղազարյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական գործիչների և Ադրբեջանում պահվող մյուս հայերի խնդիրը պետք է քննարկման առարկա դառնա բոլոր բանակցությունների ընթացքում։ Նա նշել է, որ Բաքվի դատավարությունն ուղղված է ոչ միայն Ղարաբաղի ղեկավարների, այլ նաև ՀՀ դեմ:

 Ուշագրավ
---